Պա՞րզ չէ, որ երկրում տոտալ, ճակատային թալան է գնում. Վ. Բոստանջյան
ИнтервьюOrer.am-ը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ ՊԵԿ-ը բյուջե լցնելու համար ինչ հնարքի ասես, որ չի դիմում և գնալով ավելի ու ավելի անտանելի պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար: Եվ այն, ինչ չի կարողանում «պոկել» ստվերային տնտեսություններից, փորձում է «քամել» սովորական տնտեսվարողներից, ինչի հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը: Քանի որ այլևս քամելու ոչինչ չի մնացել, ՊԵԿ-ը սկսել է խուսափել թվեր հրապարակելուց, ինչն էլ հենց փաստում է ոլորտում առկա լարվածության մասին: Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը Orer.am-ի հետ զրույցում նույնպես համաձայնեց, որ այսօրվա դրությամբ պետական եկամուտների գծով որոշակի լարվածություն կա, որը, բնականաբար, պայմանավորված է այս ժամանակաշրջանի համար նախատեսված պլանային ցուցանիշների շեղումով:
- Իշխանությունները տնտեսական աճի ցուցանիշներից են խոսում: Հակասություն չկա՞ տնտեսական աճի ցուցանիշների և ՊԵԿ-ի բյուջետային մուտքերի հավաքագրման ցածր ցուցանիշների միջև:
- Դեռևս տնտեսությունում մեծ է ստվերային բաղադրիչը, այս ուղղությամբ որևէ մեկի չի հաջողվել մեծ հաջողություններ գրանցել: ՓՄՁ-ները գործունեություն ծավալելու հնարավորություններ գրեթե չունեն: Այս պայմաններում մենք կարող ենք ունենալ նման լարվածություն: Անկախ նրանից, թե տնտեսվարող սուբյեկտները որքանով են լավ կամ վատ աշխատում, տնտեսական ազատ մրցակցություն կա՞, թե՞ չկա, այս բոլոր գործոնները` բացահայտ կամ ոչ բացահայտ, ուղղված են ստվերային տնտեսության սահմանների ընդլայնմանը: Իսկ տնտեսությունը ոչ այլ ինչ է, քան պարտավորությունների չկատարում կամ ոչ լիարժեք կատարում, որը նման լարվածություն է առաջացնում բյուջեում:
- 2015-2016 թթ. հունիս ամիսների` բյուջեի մուտքերի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ակցիզային հարկի տոկոսն է նվազել:
- Զարմանալի ոչինչ չկա, քանի որ հանրապետությունում նվազել են սպառման ծավալները, որն ուղղակիորեն կապված է արտագաղթի հետ: Փաստորեն, մեր ոչ մեծ սպառման շուկան ավելի է փոքրացել և շրջանառությունն է նվազել: Այստեղ չկան ստվերային տնտեսության ցուցանիշները, որոնք գոյություն ունեն հանրապետությունում:
- Մաքսատուրքերը նույնպես նվազել են:
- Այդ գծով էլ կարող ենք ասել, որ ցուցանիշները նվազել են, քանի որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով` բազմաթիվ ապրանքատեսակների կտրվածքով մաքսատուրքն ազատականացել է, որը բերել է նման ցուցանիշի:
- Կարո՞ղ ենք ասել, որ ՊԵԿ-ի գործունեության հետևանքով երկիրը գնալով սնանկանում է:
- Դա կյանքը ցույց կտա: Հայաստանում մինչև հիմա ով ինչ ուզում է, այն էլ անում է: Եվ երկիրը` որպես այդպիսին, գնում է կրախի, բայց առանձին կառույցների համար դա նշանակություն չունի: Աա միայն ՊԵԿ-ի խնդիրը չի: Գիշատչի նման հոշոտվում են մեր հանքերը, ընդերքի արդյունավետ օգտագործում չկա, ներդրումային առումով գրեթե կոմատիկ վիճակ է երկրում, այս բոլորը շղթայվում և հասնում են մինչև այն կառույց, որը պետք է ֆինանսական միջոցներ հավաքագրի: Բնական է, որ այս պայմաններում ՊԵԿ-ը հանդիպելու է դժվարությունների:
- Բայց ՊԵԿ-ը ստվերի դեմ պայքարելու փոխարեն իր ողջ «հմայքով» շարունակում է ճնշում գործադրել ՓՄՁ-ների վրա` նրանց գործունեությունը հասցնելով հոգեվարքի:
- Սա մեկ օրվա խնդիր չէ և տարիների պատմություն ունի: Փաստորեն, «անելանելի» իրավիճակից ելնելով` այդ կառույցն այնպես է անում, որ ընկերություններին այլ ելք չի մնում և ստիպված դադարեցնում են իրենց գործունեությունը, այսինքն` ստացվում է, որ ՀՀ-ում գործունեություն են ծավալում միայն այն ընկերությունները, որոնք ունեն հովանավորներ և կարող են իրենց պարտավորությունները չկատարել, մրցակցության դաշտից դուրս լինել, մենաշնորհներ լինել: Այդ ամենի հետևանքով տեսնում ենք այն, ինչ ներկայումս տեսնում ենք:
- Այս պայմաններում փաստորեն միֆ է հաջողակ գործարարներ «ծնվելու» և «զարգանալու» վարկածը:
- Ստացվում է, որ ողջ հայ ժողովուրդն ախմախ է, մի քանի մարդ հաջողա՞կ է: Ե՞ս պետք է բացատրեմ, թե դա ինչի արդյունք է: Պա՞րզ չէ, որ երկրում տոտալ, ճակատային թալան է գնում: Գիշերները մարդիկ չեն կարողանում հանգիստ քնել և մտածում են, թե վաղը որտեղից ինչ թալանեն:
- Այս ամենի դեմ միայն ՊԵԿ-ը պե՞տք է պայքարի:
- Այնպես չէ, որ նման իրավիճակում հայտնված ՊԵԿ-ը նախկինում չգիտեր այդ մասին ու հանկարծ իմացավ: Այս ամենին վերջ տալու համար միշտ էլ ասել ենք, որ հարկավոր է համակարգային փոփոխություն, երկիրը սիրող մարդկանց մոբիլիզացում, գրագետ մարդկանց հավաքագրում, պարտավորությունների ամրագրում և դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկում, այսինքն այն, ինչ ամբողջ աշխարհում կա, հակառակ դեպքում հայտնի չէ, թե ինչի ականատես կլինենք:
Արմինե Գիրգորյան