Ֆինանսների նախարարը ներկայացրեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունքները
ЭкономикаՀայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական սկզբունքները: Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարն ընդգծեց, որ բյուջեի հիմքում դրված առաջին և կարևոր սկզբունքը նախագծվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային քաղաքականության նախագծումն է: «Մենք գտնում ենք, որ բյուջեն ոչ միայն կառավարության ֆինանսական հոսքերի հաշվետվություն է, այլ նաև մակրոտնտեսական միջավայրի ձևավորման կարևոր գործիք: Դրա համար հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հաշվի առնի նաև մակրոտնտեսական այն զարգացումները, որը մենք ակնկալում ենք 2017թ. ընթացքում: Մենք արդեն ասել ենք, որ ներկայացնելու ենք պահպանողական բյուջե: Մենք այստեղ հաշվի ենք առել նաև մակրոտնտեսական զարգացումները թե գլոբալ, թե ներքին տնտեսության մեջ»,- Արմենպրեսի հաղորդմամբ ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ 2017թ. այս տարվա համեմատ ներքին տնտեսության մեջ էլ աճի միտումներ են նկատվելու: Աճի միտումներ են նկատվելու նաև համաշխարհային տնտեսության մեջ, ուստի կառավարությունը, պետական բյուջեի նախագիծը կազմելիս, հաշվի է առել նաև այդ միտումները:
Երկրորդ կարևոր սկզբունքը մակրոտնտեսական կայունության ապահովումն է: «Մենք մեր տեսադաշտում պետք է ունենանք կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, իսկ դա տնտեսական աճն է: Տնտեսական աճը ստեղծվում է, երբ գոյություն ունի մակրոտնտեսական կայունություն: Մենք կարծում ենք, որ այս երկրորդ սկզբունքն այս տեսանկյունից խիստ կարևոր է, որովհետև մի քանի անգամ այս մասին խոսել ենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստան են ներթափանցել արտաքին շոկեր: Բնականաբար, սա պետք է իր ազդեցությունը թողներ մեր տնտեսության վրա: Մենք պարտադրված ենք եղել արտաքի ն պարտք ներգրավել այս ամենին հակազդելու համար: Այդ պարագայում պարտքը 2014-2016թթ. աճել է շուրջ 14-16 տոկոսային կետով: 2017թ. որպես կարևոր սկզբունք մենք թիրախավորել ենք, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար կայունանան, որպեսզի իրավիճակը միշտ մնա մեր հսկողության ներքո: Դրա համար մենք նախատեսում ենք պարտքի աճի դանդաղ տեմպ»,- ասաց նախարարը:
Երրորդ հիմնական սկզբունքն այն է, որ հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսավարողների վրա չպետք է լրացուցիչ ճնշումներ առաջացնող քայլեր արվեն: «Հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին: Եթե դու տնտեսավարողների վրա ավելի շատ բեռ ես դնում, քան իրականում նրանց տնտեսական գործունեությունը թույլ է տալիս, դա նրանց մոտ շեղումներ է թույլ տալիս ֆինանսական հոսքերի կառավարման առումով: Տնտեսավարողի վրա լրացուցիչ բեռը կարող է ազդել տնտեսական աճի վրա, հետևաբար այս սկզբունքը ևս շատ կարևոր է»,- ասաց Արամյանը:
Չորրորդ կարևոր սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող ծախսային պարտավորությունների կատարումն է: Նախարարի խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ սուղ միջոցների հետևանքով չվտանգվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: