Ատոմակայանում օգտագործված ռադիոակտիվ թափոնները 27 տարի է կուտակվում են Հայաստանում. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
1991 թվականի աշնանից հետո, երբ մասնագետների համար արդեն պարզ էր, որ Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպառնում, աշխարհաքաղաքական և էներգետիկ ճգնաժամերից դուրս գալու ելքեր փնտրելու ճանապարհին Հայաստանի կառավարությունը 1993 թ.–ի ապրիլին Մեծամորի հայկական ատոմակայանը վերագործարկելու մասին որոշում կայացրեց:
«Փաստի» ս. թ. թիվ 13–ում արդեն ներկայացրել ենք, թե ատոմակայանի վերագործարկման համար անհրաժեշտ ատոմային վառելիքն օդային ճանապարհով Հայաստան ներկրելու ժամանակ ինչ դժվարություններ են հաղթահարվել, սակայն վառելիքի հարցը միակ խնդիրը չէր, որը պետք էր լուծել:
Խորհրդային տարիներին ատոմային վառելիքը երկաթգծով Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուց բացի, նույն ճանապարհով Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխվում նաև օգտագործված ռադիոակտիվ թափոնը:
Սակայն ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ,եթե ինչ–որ կերպ հնարավոր եղավ պահանջվող վառելիքը երկիր ներկրելու խնդիրը լուծել, ապա օգտագործված վառելիքը երկրից դուրս հանելու հարցը մնաց օդում կախված: Եվ գոյություն չունեցող ԽՍՀՄ–ի պայմաններում այդ հարցը ոչ միայն այլևս հեշտ չէր լուծել, այլև դարձել էր անհնարին Հայաստանի շրջափակման պատճառով:
«Օգտագործված վառելիքը և ռադիոակտիվ թափոնը կարելի է ոչնչացնել միայն այդ նպատակով կառուցված և Ռուսաստանում գտնվող գործարանում, բայց այն օդային ճանապարհով տեղափոխել հնարավոր չէ: Այն միայն կարելի է երկաթուղով տեղափոխել, գործարանում սարքված և իրենց սեփականությունը հանդիսացող հատուկ վագոններով: Իսկ օդային ճանապարհով տեղափոխելը անհնարին է, քանի որ ինքնաթիռը չի կարողանա նման հերմետիկ վագոն տեղափոխել»,– ասում է Է. Արզումանյանը:
Փաստորեն հարկավոր էր մտածել նաև ատոմային վառելիքի օգտագործումից գոյացած «թափոնը» տեղում անվտանգ պահելու մասին, որի ռադիոակտիվության մակարդակը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան ատոմային վառելիքինը: Եվ ժամանակի կառավարությունը պետք է կարողանար լուծել ռադիոակտիվ թափոնները Հայաստանում պահելու հարցը:
ՀՀ էներգետիկայի նախարարության փոխնախարարի պաշտոնն առաջինը զբաղեցրած Էդվարդ Արզումանյանը, ով էներգետիկայի ոլորտի եզակի մասնագետներից է, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ անկախացումից մինչ օրս օգտագործված վառելիքը հավաքվում և պահվում է Հայաստանում:
«1995 թ.–ի վերջում մեզ հաջողվեց Եվրամիության դրամաշնորհով ֆրանսիական «Ֆրոմատոն» ֆիրմայի կողմից նախագծվել և Հայաստան ներկրվել սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործված ատոմային վառելիքը բացօթյա պայմաններում պահեստավորել և անվտանգ կերպով պահել»,– ասում է Է. Արզումանյանը:
Մասնագետի խոսքով՝ հիմա արդեն եղած սարքավորումների տարողությունը սպառվելուն մոտ է և, եթե ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգվի, ապա հարկավոր կլինի մտածել կամ՝ նույնանման երկրորդ կայան կառուցելու, կամ էլ այլ լուծումներ գտնելու մասին:
Խոսելով ռադիոակտիվ թափոնների պահելու հետ կապված դժվարությունների մասին Է. Արզումանյանը նշեց, որ թեև դրանք կան, սակայն լուծելի հարցեր են, իսկ ինչ վերաբերում է դրանք Հայաստանից մեկ այլ երկիր տեղափոխելուն, ապա այդ հարցն առայժմ հնարավոր չէ լուծել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: