Միջազգային գիտաժողովում ներկայացվեցին Հայաստանի սուպերհամակարգչային կենտրոնի ձեռքբերումները
ЭкономикаՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիայի տեխնոլոգիաներ- 2017» (СSIT-2017) միջազգային 11-րդ գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, Բելգիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, «Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիայի տեխնոլոգիաներ- 2017» գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի խոսքով` գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել գիտելիքների փոխանակումը օտարերկրյա և հայ գիտնականների միջև, տալ մասնակիցներին հնարավորություն շփվելու և տարածելու կոմպյուտերագիտության տեսական ու կիրառական արդյունքները:
«Այս տարվա գիտաժողովի նպատակներից է նաև քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և նրանց լուծման եղանակները, համատեղ աշխատանքային նախագծերը: CSIT-2017-ը հանդիսանալու է լավ հարթակ Հայաստանում թվային տնտեսության հետ կապված հարցերի քննարկման և ճշգրտման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:
CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին: Հատուկ տեղ կգրավեն ամպային և գրիդային հաշվարկներին, կոգնիտիվ ալգոռիթմներին և մոդելներին, կրիպտոգրաֆիկային և կիբեռանվտանգության խնդիրներին:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը ավանդաբար ունեցել է առաջատար դիրք կոմպյուտերային գիտելիքների ասպարեզում: 2000 թվականին ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով այդ ոլորտում հաջողությունը և արդյունավետությունը, հայտարարել է կոմպյուտերային գիտելիքների ոլորտը որպես Հայաստանի տնտեսության և գիտության զարգացման գերակա ուղղություն:
«Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, հանդիսանալով ոլորտի միակ գիտական կառույցը, որոշակի ներդրումներ է կատարել կոմպյուտերային գիտության զարգացման մեջ: Դրանց շարքին է պատկանում նաև այսօրվա գիտաժողովը, որը սկզբնավորվել է դեռևս 1997 թվականին: 2017 թվականի գիտաժողովը նշանակալի իրադարձություն է Հայաստանի հետազոտողների և գիտնականների համար, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ու խթանման առումով: Կարևորում եմ այս գիտաժողովում քննարկվող թեմաները, այդ թվում նաև էլեկտրոնային ենթահամակարգի, ցանցի բարելավմանը նվիրված թեմաները: Համոզված եմ, այս օրերի ընթացքում կլինեն հետաքրքիր քննարկումներ ի նպաստ այս կարևոր բնագավառի ապագա զարգացմանը»,- ընդգծեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի` այս գիտաժողովը լավագույն հարթակ է օտարերկրյա և հայ գիտնականների միջև շփման, փորձի ու գիտելիքների փոխանակման համար:
« Համոզված եմ, որ գիտաժողովը արդյունավետ կանցնի, հնարավորություն ընձեռելով միմյանց հետ կիսվել կոմպյուտերագիտության տեսական ու կիրառական արդյունքներով, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այսօրվա մարտահրավերները: Օրակարգում կան բազմաթիվ արդիական թեմաներ և հուսով եմ, որ դրանց քննարկումը արդյունք կտա այդ ոլորտներում մեր գիտական գործունեության արագ առաջնընթացին և նոր ձեռքբերումներին: Չափազանց կարևորում եմ նաև այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսին է «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ»-ը, որը գիտական և կիրառական հետազոտությունների ու նորարարության շարժիչ ուժն է»,- նշեց նախարարը:
«Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ` հետազոտության և նորարարություն շարժիչները» ենթագիտաժողովի ընթացքում ներկայացվել են նաև սուպերհամակարգչային տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյան ձեռքբերումները ու գիտական մարտահրավերները: