Ժամկետանց մսամթերքն ու ընկերությունների վերաբերմունքը սպառողի առողջությանը
ЭкономикаԻնչպես հայտնի է, տնտեսվարողները սովորաբար իրենց արտադրանքը խանութին հանձնելուց հետո այլևս չեն հետաքրքրվում, թե այն ինչպես է պահպանվում, պիտանելիության ժամկետն անցե՞լ է, թե՝ ոչ: Արտադրողներին սովորաբար հետաքրքրում է իրենց արտադրանքը խանութներին հանձնելն ու դրանց դիմաց գումարները հավաքելը, իսկ թե դրանից հետո սպառողն ինչ որակի սննդամթերք տուն կտանի, շատերին այնքան էլ չի հետաքրքրում:
Օրերս տեղեկություն տարածվեց, որ մայրաքաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում ժամկետանց սննդամթերքի բավական մեծ քանակություն էր հայտնաբերվել: Այդ թվում մսամթերք: Մասնավորապես՝ «Գանձասար» ընկերության արատադրած եփած խոզապուխտ, նրբերշիկ, «Աթենք» ընկերության սիրողական եփած երշիկ , մորտադելա տեսակի եփած երշիկ, «Բիելլա» ընկերության Չիկագո նրբերշիկ, «Ցարսկի Պրոդուկտ» ընկերության հատուկ նրբերշիկ, երշիկ սիրողական և այլ սննդամթերք:
Դժվար է ասել, թե ժամկետանց սննդամթերքն ու մսամթերքը տուն տանողները հետագայում ինչ առողջական խնդիրներ են ունեցել, բայց որ նման դեպքերը եզակի չեն՝ միանշանակ է: Եթե դրան ավելացնենք նաև մսամթերքի ժամկետանց լինելու վտանգներն ու հետևանքները, ապա պարզ կդառնա, թե ինչ ռիսկերի կարող են ենթարկվել սպառողները:
Orer.am-ը բազմիցս ներկայացրել է, թե ինչպես պետք է թարմ մսամթերքը տարբերել ժամկետանցից և գնում իրականացնելուց առաջ ինչպես կողմնորոշվել այն թա՞րն է, թե՞ ոչ: Բայց, ստացվում է, որ դեռ կան արտադրողներ և խանութպաններ, ովքեր անտեսելով բոլոր վտանգները միայն մտածում են սեփական գրպանը լցնելու մասին:
Այսօրինակ իրավիճակում չհայտնվելու համար «Բարի Սամարացի» ընկերությունն իր շրջիկ լաբորատորիաներով ամենօրյա վերահսկողություն է իրականացնում բոլոր այն խանութներում, որտեղ վաճառվում է իր արտադրանքը: Ստուգվում են ինչպես մսամթերքի պահպանման պայմանները, այնպես էլ սպասարկման որակը:
Եթե վերը նշված ընկերություններն էլ սպառողի հանդեպ սրտացավություն ցուցաբերեին, ապա թույլ չէին տա, որ իրենց ժամկետանց արտադրանքը մնար խանութում: Ստացվում է, որ ոչ բոլոր արտադրողներն են մտածում սպառողի առողջության մասին և շրջանցում են արտադրությունից մինչև պատառաքաղ սկզբունքը, լրացուցիչ ռիսկեր առաջացնելով սպառողների համար:
Հիշեցնեք, որ Orer.am-ը փորձաքննության էր ներկայացրել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, դրանց մեջ նատրիումի նիտրիտի քանակությունը պարզելու համար:
ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր սգման արդյունքում պարզվել էր, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել էր 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել էր 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել էր 21 միլիգրամ:
Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին: Այսինքն համարվում է ռիսկային: Եվ եթե այս ամենին ավելացնենք ժամկետանց լինելու հնարավորությունը, ապա կարող ենք համապատասխան հետևություններ անել:
Արմինե Գրիգորյան