Մարզերի բնակիչները չեն կարողանում օգտվել կառավարության ծրագրերից. Սերգեյ Բագրատյան
ЭкономикаԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզերում տիրող իրավիճակը: Արդեն իսկ սկսել են հավաքագրել խնդիրները և հետամուտ են լինելու, որ մարզերի բնակիչները կարողանան լիարժեքորեն օգտվել կառավարության կողմից հայտարարած սոցիալական և մյուս ծրագրերից:
Պատգամավորի խոսքով՝ այս ընթացքում արձանագրվել են խնդիրներ: Մասնավորապես՝ շատերը չգիտեն ո՞ւմ դիմել և որտեղի՞ց սկսել:
«Քայլերի հերթականություն չկա: Մարդիկ գնում են Էկոնոմիկայի նախարարություն, այնտեղ ասում են գնացեք բանկ, բանկում ասում են՝ դեռ ծրագիրը չեն ստացել: Այդ պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել առաջարկված ծրագրից: Մի մասն էլ, որոնք իրենց չիմացության պատճառով, ժամանակին հայտնվել են սև ցուցակում, չեն կարողանում դիմել:
Կան գյուղեր, օրինակ, Խաչիկ գյուղը, որտեղ ողջ գյուղով երաշխավոր են եղել մի խանութի, որպեսզի այն կարողանա վարկ վերցնել և սնունդ մատակարարել, հիմա ողջ գյուղով սև ցուցակում են հայտնվել, բանկերն էլ ասում են՝ չեք կարող որևէ ծրագրից օգտվել: Ես այս հարցը բարձրացնելու եմ նաև Ազգային ժողովում, առաջարկելու եմ, որ բանկերը ոչ թե հիմնվեն խնդիր ունենալու, այլ՝ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալու վրա:
Ես առաջարկում եմ նաև, որ ծրագրերը դարձնեն ավելի հասցեական: Եթե կառավարությունն օգնի, մարդիկ կավելացնեն իրենց ցանքատարածքները, այգիները, անասնագլխաքանակը: Մարդիկ պատրաստ են աշխատել, բայց հնարավորություն չունեն»,- ասաց Ս. Բագրատյանը:
ԱԺ պատգամավորը նշեց ևս մեկ խնդիր: Պարզվում է, որ այս պահին, տեղաշարժի հետ կապված սահմանափակումների պատճառով կաթնամթերք արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքն իրացնել:
«Մարզերի բնակիչները պարարտանյութի, սերմացուի խնդիրներ ևս ունեն, իսկ Վայոց Ձորի մարզում կա նաև ոռոգման ջրի խնդիր: Այստեղ ջուրն ինքնահոս կերպով է բնակավայրեր հասնում և 18 կմ խողովակաշարը լցնելու խնդիր կա, որի համար ևս ժամանակ է հարկավոր: Փոքր տնտեսություններն առանձնապես շատ խնդիրներ չունեն, խոշորները բավական խնդիրներ ունեն, բայց չեն կարողանում դրանք լուծել»,- ասաց Ս. Բագրատյանը:
Հաջորդը, համայնքների բնակիչների իրազեկվածության պակասն է: Հատկապես խոշորացված համայնքներում ոչ բոլորն են տեղեկացված: Բագրատյանի կարծիքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ավելի սերտ աշխատեն բնակիչների հետ և օր առաջ կառավարության որոշումների մասին տեղեկացնեն ֆերմերներին:
«Որպես պատգամավորներ, մենք ևս իրազեկում ենք բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմինները ևս փորձում ինչ-որ կերպ տեղեկացնել, բայց պետք է հասցեական դարձնել իրազեկման աշխատանքը, որպեսզի այն առարկայական լինի և շոշափելի արդյունք տա: Յուրաքանչյուր գյուղի հետ պետք է առաձին-առանձին աշխատել, այլապես առաջարկված ծրագրերից քչերը կկարողանան օգտվել»,- ասաց Ս. Բագրատյանը: