Ամենակարևորը ոչ թե երրորդ բևեռի, այլ՝ ազգային օրակարգի ձևավորման հարցն է. Թևան Պողոսյան
Аналитика«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով առաջին հերթին պետք է մտածել կորցրած հայրենիքը փրկելու, ոչ թե քաղաքական գործընթացների մասին, քանի որ ամենակարևոր հարցերն այսօր նրանք են, թե երկիրն ինչպիսի ճգնաժամի և մարտահրավերների առջև է կանգնած և ինչ պետք է անել այդ ճգնաժամից օր առաջ դուրս գալու համար:
«Այն օրը, երբ գործող իշխանությունները հասկանան, որ իրենց գնալը հնարավորություն է երկիրը ճիշտ ուղիով զարգանալու համար և գնան, վստահ եմ, որ շատերը կմտածեն հակաճգնաժամային կառավարիչների թիմ ձևավորելու մասին, իսկ կուսակցություններն էլ կզբաղվեն ազգային օրակարգ ձևավորելու հարցով: Եվ այդ առումով, բնական է, որ ցանկացած անձ կարող է դառնալ երրորդ բևեռ, ով օրենքը չի խախտում և ներկայացնում է քաղաքական հայտ: Այս առումով և՛ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, և՛ նրա կողքին կանգնած մեկ այլ անձ կարող են դառնակ երրորդ բևեռ, բայց ամենակարևորը ոչ թե երրորդ բևեռի, այլ՝ ազգային օրակարգի ձևավորման հարցն է: Եվ այս առումով, ցանկացած մեկը, ով ունի տեսակետ, կարող է սկսել իր պայքարը: Չէ՞ որ մենք պետք է խոսենք՝ մեր փրկությունն ազգային միասնության մեջ է թեմայի շուրջ: Բոլորը որևէ մեկին կամ բոլորը իրար հետ չմիանալու արդյունքում շարունակում է իշխանության մնալ մի ուժ, որը պարտվել է: Եվ այսօր բոլորին պետք է մտահոգի այն միտքը, որ դրա արդյունքում հայրենիք ենք կորցնում: Եվ այս հարցում բոլորը պետք է միասնական լինեն և քանի դեռ առաջին քայլը մենք չենք արել, չենք կարող խոսել հետագա զարգացումների մասին»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը:
Քաղաքական գործչի կարծիքով անցած 30 տարիների ընթացքում, փաստորեն, ժողովուրդը այդպես էլ դասեր չի քաղել և շարունակում է նույն անձին մի օր որպես Աստվածի վերաբերվել, մյուս օրը՝ ատել: Եվ ամեն անգամ ընտրություն է կատարվում անձերի միջև, մինչդեռ վաղուց պետք էր ընտրություն կատարվեր թիմերի միջև:
«Մարդիկ պետք է մեկ անգամ ևս իրենք իրենց հարցնեն, թե արդյո՞ք մտածելակերպիս մեջ ճիշտ են և պե՞տք է արդյոք առաջնորդվել այս կամ այն անձի հանդեպ ունեցած համակրանքով կամ հակակրանքով: Երբ թեման դառնում են անձերը, ոչ թե գործողությունները, ունենում ենք այն՝ ինչ ունենք: Մինչդեռ հիմնականը պետք է լիներ ազգային երազանքն ու հավատը սեփական ուժերի հանդեպ, որը մեկ օրում չի ձևավորվում: Առավել ևս՝ ներկա բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակում: Բայց ամենակարևորն այն է, որ ձևավորվի քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սենյակ, որի մեջ բոլորը պետք է մտնեն, բայց որպեսզի այդտեղ բոլորը մտնեն, նախ պետք է գործող իշխանությունը հեռանա: Կա՛մ իշխանությունները պետք է արագ հեռանան, ճգնաժամերը հաղթահարենք և արագ զարգանանք, կա՛մ՝ կան այլ սցենարներ, որոնցից ամենաշատը մեր թշնամին է օգտվելու, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի համար միևնույն է, թե վարչապետն ով է: Նրանց համար թշնամին հայն է: Պետք է գիտակցել, որ նժարի մյուս կողմում ոչ թե հայն է դրված, այլ մեր հայրենիքը, որը թուրքը ցանկանում է տանել: Ես արդեն 30 տարի է ասում եմ, որ կարևորը միասնականությունն է, խելքները գլուխները հավաքելու ժամանակն է, բայց որևէ մեկը դրա մասին այդպես էլ չի մտածում: Ինչ վերաբերում է այսօրվա հրամայականին, ապա մեզ հակաճգնաժամային կառավարիչներ են պետք, իսկ թե ով կլինի այն անձը, որը ընդունելի կլինի՝ կարևոր չէ, թե դա կլինի երկրի ներսից, թե աշխարհասփյուռ 10 մլն հայերից: Կարևորը այն դուռը բացելն է, որ մյուս կարող ուժերը ներս մտնելու հնարավորություն ուենան»,- ասաց Թ. Պողոսյանը:
Արմինե Գրիգորյան