Վեր պարզած ձեռքերով իշխանության եկած անձանց իշխանությունը չի կարող պատասխանել Ալիևին. Նաիրի Սարգսյան
Интервью«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքին գրել է. «Լսի՛ր Ալիև, Դու օգտվում ես առիթից, որ իմ երկիրը այսօր չունի ղեկավար, չունի համապատասխան պաշտոնատար անձ, ու քեզ ցինիկի նման ես պահում։ Հիշի՛ր, ցինիկները հաղթանակի բերկրանքը երբե՛ք չեն վայելում։ Երբ այցի գնաս հորդ գերեզմանին, կհարցնես նրան․ -Ցավո՞տ էր արդյոք Հայաստանի ղեկավար Դեմիրճյանի ապտակը։ Դու դեռ «պարզած ձեռքի» փոխարեն բռունցք կտեսնես։ Խոսք եմ տալիս»:
Նման գրառում կատարելու շարժառիթը պարզելու համար Orer.am-ը զրուցել է Ն. Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ի՞նչն էր Ալիևին վերաբերող նման սուր ստատուս գրելու շարժառիթը:
- Ալիևի ելույթը սթափեցնող էր։ ՀՀ այլ քաղաքացիների պես ես էլ արձագանքեցի հարևան թշնամի երկրի նախագահի վիրավորանքներին, որը եղավ շատ էմոցիոնալ ֆոնի վրա։ Նախկինում երբեք չէի արձագանքի, բայց քանի որ Ալիևը ըստ մեր իշխանության ներկայացուցիչների «կիրթ և կառուցողական» է, ապա նրանց փոխարեն արձագանքում են այլ արժանապատիվ քաղաքացիներ։ Ալիևը իր հարցազրույցում ծաղրում էր բոլորին և ամեն ինչ, սկսած ՀՀ վարչապետի կողմից վարվող ոչ ադեկվատ քաղաքականությունից, Զինված ուժերի հայտարարություններից մինչև հասարակ քաղաքացիներ, նրանց «բոմժ» անվանելով։
- Ինչպե՞ս եք Ձեր պատասխանը փորձելու տեղ հասցնել և ի՞նչ արձաքանք եք ակնկալում:
- Ժամանակը կգա, պատասխանը կհասնի Ալիևին: Ես ինձ իրավունք եմ վերապահել պատասխանել մեր քաղաքացիների անունից։ Վստահ եմ, որ եթե ոչ բոլորը ապա մեծամասնությունը համակարծիք է ինձ հետ։ Մեր երկրում դեռ ապրում են հայրենասեր քաղաքացիներ, ովքեր չեն կարող հարմարվել ներկա իրավիճակի հետ։ Պատմության ընթացքում վերելքներ և վայրէջքներ միշտ են լինում։ Հիմա վայրէջքի փուլում ենք, բայց շատ մոտ ապագայում սկսելու ենք վերելքի ուղին։ Սրանք լոկ բառեր չեն, մենք մեր աշխատանքի միջոցով կապացուցենք դրա ճշմարտացիությունը։ Որևէ արձագանք չեմ ակնկալում թշնամի երկրից, հետաքրքիր էլ չի։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք իրապես հայրենասեր ղեկավարներ, ովքեր մտածել են հայրենիքի բարօրության մասին, ինչպես օրինակ Կարեն Դեմիրճյանը, ով ապտակել էր Հեյդար Ալիևին Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ բացելու առաջարկի համար։
- Կմանրամասնեք՞, ինչի մասին է խոսքը:
- Խորհրդային տարիներին, հերթական անգամ Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ զիջելու մասին է խոսքը, որի համար Կ. Դեմիրճյանը դաստիարակչական ապտակ է հասցրել Ալիևի հորը և, փաստացի, ճանապարհ զիջելու հարցը դրանով փակվել է: Բայց, ցավոք, հիմա ունենք այն, ինչ ունենք։
- Հայ ժողովուրդն ասում է՝ արհամարհանքն ամենամեծ ապտակն է, արդյո՞ք չեք կարծում, որ լավ իմանալով Ալիևի նման գործչի սադրիչ, պառակտիչ և խառնակիչ, մանիպուլյատիվ գործելակերպը, նրա ամեն արտահայտություն չէ, որ առհասարակ արժանի է արձագանքի:
- Հայ ազգը իմաստուն խոսքեր շատ ունի։ Բայց ոնց տեսնում եք թշնամին արհամարհանքի լեզուն չի հասկանում։ Պետք է ուժեղ լինել, շատ ուժեղ, և նրանք այլևս երբեք իրենց թույլ չեն տա նման ցինիկ պահվածք։ Հիմա մաքսիմալ պետք է բացառել սխալները։ Մենք դրա համար շատ թանկ ենք վճարել։ Իսկ ինչ է անում իշխանությունը, բնականաբար կատարում է սխալը սխալի ետևից՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի դատարկ տաղավար, անհետացած ինքնաթիռ, իսկանդեռի հետ կապված խայտառակություն․․․ Իսկ ինչ վերաբերում է պարզած ձեռքի փոխարեն բռուցք կտեսնես արտահայտությանը, ապա ասեմ, որ հայ ազգը բռունցք ցույց տվող ազգ է։ Մենք շատ ուժեզ ենք, երբ համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ։
Արմինե Գրիգորյան