Կառավարական «մուտիլովկա»
Экономика
Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Այսինքն՝ կլինի այնքան, ինչքան հիմա է՝ 1000 խորանարդի համար՝ 165 դոլար։ Դրա փոխարեն կառավարությունը 10 տարի շարունակ տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարի «Գազպրոմի» կազմում գործող «Հրազդան-5» ընկերությանը՝ նախկինում չկատարված պարտավորությունների դիմաց։
Առաջին հայացքից թվում էր, թե սրանով առաջիկա տարիների համար ներմուծվող գազի գնի կայունության խնդիրը լուծվում է։ Բայց պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ. այս ամենի մեջ կառավարությունը մի կարևոր դետալ թաքցրել է։ Խոսքը կալորիականությունից կախված գազի գնի փոփոխության մասին է։ Սահմանված 165 դոլար ներմուծման գինը վերաբերում է բացառապես մինչև 7900 կալորիականությամբ գազին։ Այնինչ՝ Հայաստանն ավելի բարձր կալորիականության գազ է ստանում։ Հիմա այն հասնում է 8300 կիլոկալորիայի։ Ավել կալորիաների համար պետք է հավելյալ գին վճարել։
Ըստ էության, կառավարությունն արտաքուստ տպավորություն է ստեղծել, որ ներմուծվող գազի գինը չի բարձրանում, բայց այն, փաստացի, բարձրանում է։ Բարձրանում է կալորիականության հաշվին, որը մինչև հիմա հաշվի չէր առնվում։ Անկախ կալորիականությունից, սահմանին նույն գինն էր վճարվում։ Հիմա արդեն կալորիականությունից կախված այն կբարձրանա։ Այս փոփոխությունը նախատեսվում է կիրառել արդեն ապրիլից։ Այն գազի ներմուծման գնի վրա կունենա մոտավոր հաշվարկներով 8 դոլարի կարգի կամ գրեթե 5 տոկոսի ազդեցություն։
Միանգամից կարող է առաջ գալ այն միտքը, որ հնարավոր է ստուգել գազի կալորականությունը: Շտապենք նշել, որ կալորիականության ստուգումներն ամենուրեք հնարավոր չէ իրականացնել։ Նման լաբորատորիա ունի գազամատակարար ընկերությունը, բայց հասկանալի պատճառներով, բոլորը չէ, որ կարող են վստահություն ունենալ դրա նկատմամբ։
Ստացվում է հետևյալը. սահմանին պահպանվում է գազի գինը, բայց ներսում այն թանկանալու է։ Սա կառավարության հերթական խորամանկությունն է, որից տուժելու է սպառողը։ Ի՞նչ տարբերություն սպառողի համար՝ սահմանին գազի գինը բարձրանո՞ւմ է, թե՞ չի բարձրանում, եթե դա, միևնույն է, հանգեցնելու է ներքին սակագնի ավելացման։ Եվ ոչ միայն կալորիականության պատճառով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ կան նաև այլ գործոններ, որոնք ևս թողնելու են իրենց ազդեցությունը։
Ըստ էության, անցած տարվա համատարած թանկացումներից հետո գազի սակագնի բարձրացումը ևս մեկ լրացուցիչ ճնշում կլինի սոցիալական իրավիճակի վրա։ Արդեն հայտնի է, որ հանրային ծառայությունների մյուս ոլորտներում սակագների բարձրացումներն ավելի շուտ են մեկնարկելու։ Խմելու ջուրը 11 տոկոսով թանկացել է հունվարի 1-ից։ Փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը՝ կրկին 11 տոկոսով։ Շուտով դրանց կավելանա նաև գազի սակագնի բարձրացումը։
Ամփոփելով արձանագրենք հետևյալը. մեր տնտեսության մրցունակությունը միշտ էլ ցածր է եղել, իսկ վերջին տարիներին այն ավելի է կորցնում մրցունակությունը։ Մի կողմից ավելանում է ֆինանսական ծանրաբեռնվածությունը, մյուս կողմից՝ ներդրումների բացակայության հետևանքով չի իրականացվում տեխնիկական վերազինում։ Հետևանքը լինելու է ոչ միայն բնակչության աղքատացումն ու սոցիալական իրավիճակի վատթարացումը, այլև տնտեսության դիմադրողականության անկումը, այդ թվում, ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում։
Արթուր Սարգսյան