«Քաղցր ընկույզ». մածուկ, որը վաղուց դարձել է երեխաների ու նաև մեծահասակների սիրելին. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարբեր կարծիքներ կան «Նուտելլայի» մասին: Որոշ մասնագետներ կարծում են, որ դա, մեղմ ասած, այնքան էլ օգտակար չէ, ոմանք գտնում են, որ արտառոց ոչինչ չկա, ուղղակի պետք չէ չարաշահել և այլն: «Նուտելլան» քաղցր շոկոլադե-պնդուկային մածուկ է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Այն քսվում է հացի, նրբաբլիթների, վաֆլիների վրա, ինչպես նաև օգտագործվում է աղանդերների և հրուշակեղենի տարբեր տեսակների մեջ:
«Նուտելլան» պատրաստվում է պնդուկից՝ (անտառային ընկույզ կամ տխիլ), կակաոյից, շաքարից և բուսական յուղից: Արտադրվում է իտալական Ferrero ընկերության կողմից, որը հայտնի է նաև քաղցրավենիքի այլ տեսակներով, այդ թվում՝ շոկոլադե հանրահայտ կոնֆետներով: «Նուտելլան» ուտելու ամենատարածված ձևը նախաճաշին հացի վրա քսելն է։ Ըստ արտադրողի, այն չի պարունակում արհեստական գունանյութեր կամ կոնսերվանտներ, փոխարենը՝ նրա մեկ տուփը պարունակում է մեծ քանակությամբ պնդուկ։
Իսկ ինչպե՞ս է առաջացել «Նուտելլան»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կակաոն շատ թանկ էր և սակավ: 1940–ականներին իտալացի հրուշակագործ Պիետրո Ֆերերոն որոշեց «շատացնել» շոկոլադը՝ նրան ավելացնելով աղացած անտառային ընկույզ, որը առատ էր Պիեմոնտի շրջանում: 1946 թվականին ներկայացվեց Pasta Gianduja-ն (կոշտ շոկոլադե-պնդուկային սալիկը), իսկ 1951 թվականին՝ դրա ավելի մեղմ տարբերակը՝ Supercrema անվամբ: 1964 թվականին էլ Պիետրոյի որդին՝ Միշել Ֆերերոն, կատարելագործեց բաղադրատոմսը և արտադրանքին տվեց նոր անուն՝ Nutella («nut»–ը իտալերեն «ընկույզն» է + իտալերեն փոքրացուցիչ, փաղաքշական -ella վերջածանցը, այսինքն՝ բառացի թարգմանությամբ՝ «քաղցր ընկույզ» կամ «ընկույզիկ»): Այդ պահից սկսած էլ «Նուտելլան» սկսեց նվաճել աշխարհը:
Ներկայում «Նուտելլան» վաճառվում է աշխարհի ավելի քան 160 երկրում։ Ընդ որում, բաղադրատոմսը տարբեր երկրներում փոքր-ինչ տարբերվում է՝ համապատասխանեցվում է տեղական ճաշակին։ Անգամ «Նուտելլայի» համաշխարհային օր կա, որը նշվում է փետրվարի 5-ին։ Ferrero ընկերությունն էլ աշխարհում անտառային ընկույզի՝ պնդուկի ամենամեծ գնորդներից մեկն է։
Իսկ ինչո՞ւ է «Նուտելլան» այդքան հայտնի դարձել։ Բանն այն է, որ նա ունի նուրբ ու համասեռ կառուցվածք, առկա է շոկոլադի և ընկույզի կատարյալ համադրություն, ունի ճանաչելի համ, կիրառման բազմակողմանիություն (հարմար է նախաճաշի, աղանդերի և թխվածքաբլիթների համար), տարիներ շարունակ կիրառվել է գրագետ գովազդային ու մարքետինգային արշավ, ինչի արդյունքում դարձել է ուժեղ ապրանքանիշ:
«Նուտելլան» Հայաստանում հայտնվել է որպես ներմուծվող ապրանք՝ համաշխարհային բրենդի տարածման շրջանակում։ 1990-ականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստան սկսել են ներմուծվել արևմտյան բազմաթիվ մթերքներ։ «Նուտելլան» առաջին անգամ հայտնվել է 1990-ականների կեսերին, բայց հիմնականում վաճառվել է կոմիսիոն խանութներում, փոքր մասնագիտացված մթերային կետերում, «ձեռքի վրայից» արտասահմանից վերադարձողների միջոցով։ Այդ տարիներին այն համարվում էր թանկ և «էլիտար» քաղցրավենիք։ «Նուտելլան» առավել լայն տարածում և ճանաչում է ձեռք բերել միայն 2000-ականներին, երբ ներմուծումը դարձել է ավելի կայուն, ու սկսել է վաճառվել մեծ սուպերմարկետներում։ Այն աստիճանաբար մտել է ընտանիքների առօրյա որպես նախաճաշի քաղցրավենիք, երեխաների սիրելի մթերք, տոնական սեղանի հավելում, հրուշակեղենի բաղադրիչ։ Հայ սպառողները այն կապում են «եվրոպական որակի» և «իտալական համի» հետ։ Ներկայում «Նուտելլան» արդեն լայնորեն ճանաչված բրենդ է Հայաստանում։ Այն վաճառվում է տարբեր չափերով և տարբեր երկրներում արտադրված տարբերակներով (հիմնականում՝ Եվրոպական), օգտագործվում է ոչ միայն տանը, այլ նաև սրճարաններում, այդ թվում՝ փանքեյքներում, կրեպներում, տորթերի և դեսերտների մեջ։
Հայկական շուկայում հայտնվել են նաև «Նուտելլայի» տեղական և տարածաշրջանային նմանակներ, սակայն «Նուտելլան» շարունակում է մնալ «օրիգինալի» խորհրդանիշը։ Հետաքրքիր է, որ Հայաստանում ուտելի մածուկները հաճախ կոչում են պարզապես «նուտելլա», նույնիսկ երբ խոսքը այլ բրենդի մածուկի մասին է։ Դե, ինչպես ջեռուցման բոլոր կաթսաները «բաքսի» են:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում