Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր: Հպարտանում են: Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով: Լավ, ընդունենք՝ լեփ-լեցուն էր: Ասենք՝ մի 30 հազար մարդ կար:
Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն:
Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն: Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ:
Որևէ անվճար համերգ դեռ ոչինչ չի նշանակում: Դա ո՛չ նշանակում է, որ հրապարակ եկածները Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, ո՛չ էլ նշանակում է, թե չեն ընտրելու: Էլեկտորատը պետք է փնտրել այլ տեղ՝ Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, քաղաքներում, գյուղերում: Բայց ոչ համերգային հարթակներում կամ պարահրապարակներում:
Ցանկացած ուժ (ուժեր), որ ցանկանում է ընտրություններում հաջողության հասնել, պետք է ստանա (ստանան) 600 հազարից 800 հազար ձայն: Եթե նույնիսկ ընդունենք, որ հրապարակում բոլոր 30 հազարն էլ Նիկոլ Փաշինյանի ընտրող են (չնայած, ինչպես նշեցինք, դա անհնար է), միևնույնն է, ընտրություններին մասնակցելու է մոտ 1,4-1,5 մլն մարդ: Իհարկե, մյուս կողմից՝ նաև մեծ սխալ կլինի, եթե ընդդիմադիրները սկսեն մտածել, թե անկյալ վարկանիշով իշխանությունն էլեկտորատ չունի: Չի՛ լինում այդպես: Խնդիրն այն է, թե որքան ունի: Ու ընդդիմության հիմնական աշխատանքային ուղղությունն այն պետք է լինի, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին, որ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժի գործող իշխանությանն ու նախապատվությունը տա հիմնական ընդդիմադիր ուժերից մեկնումեկին: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, թե ում կազմակերպած համերգին քանի հոգի եկավ: Համերգ է, նայում ու լսում են, էլի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում