Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Բոլոր ժամանակներում էլ մարդկությունը ձգտել է գեղեցկության իդեալների: Էսթետիկ արտաքին տեսքի ստեղծմանն ուղղված առաջին պրոցեդուրաներն իրականացվել են մ.թ.ա. 600 թվականին Հնդկաստանում։ Կան հղումներ, որ Սուշաթա Սամգիտան է վնասված քթի ամբողջականությունը վերականգնելուն ուղղված վիրահատություններ կատարել՝ օգտագործելով մաշկը, որը նա վերցրել էր ճակատից։ Նմանատիպ միջամտություններ կատարվել են նաև Հին Եգիպտոսում մոտավորապես նույն ժամանակ։ Այնուհետ՝ հին քաղաքակրթությունների անկումից հետո, նաև քրիստոնեական կրոնի վերելքով պայմանավորված, պլաստիկ վիրաբուժությունը երկար ժամանակ չի հիշվել:
Միայն ուշ միջնադարում՝ 15-րդ դարի վերջին են նորից սկսել պլաստիկ վիրահատություններ կատարել։ Նրանց մասին առաջին տեղեկությունները կապված են սիցիլիացի վիրաբույժ Անտոնի Բրանկայի հետ, որը վերականգնել է վնասված շուրթերը՝ օգտագործելով ձեռքից վերցված հյուսվածք։
Իսկ ընդհանրապես, պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը համարվում է իտալացի Գասպար Տալիակոզին, որը 1597 թվականին հրապարակել է աշխատություն ձեռքից վերցված հյուսվածքի միջոցով վնասված քթի վերականգնման մասին։ Նա վիրահատել է այն բուժառուներին, որոնց արտաքին տեսքն այլանդակվել էր վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։ Բնական տեսքի բարելավմանն ուղղված վիրաբուժական միջամտություններն այն ժամանակ չեն իրականացվել, դրանք ի հայտ են եկել շատ ավելի ուշ։ Տալիակոզիի գործունեությունը դատապարտել են նրա ժամանակակիցները, ովքեր նման գործողությունները համարել են հանցագործություն Աստծո և բնության դեմ։
17-18-րդ դարերում պլաստիկ վիրաբուժությունը չի զարգացել։
Պլաստիկ վիրաբուժության նկատմամբ հետաքրքրությունը վերականգնվել է միայն 1774 թվականին։ Այն ժամանակ գիտական ամսագրերից մեկում հոդված էր հրապարակվել, որտեղ նկարագրվում էր քիթը վերականգնելու վիրահատությունը՝ օգտագործելով ճակատի մաշկային շերտը: Դա կատարվել էր հնդկական գաղութում:
1814 թվականին նմանատիպ վիրաբուժական միջամտություն հաջողությամբ վերարտադրվել է լոնդոնյան վիրաբույժ Ջոզեֆ Կապրուի կողմից։ Այդ պահից էլ պլաստիկ վիրաբուժությունը լայն տարածում է գտել, սկսել են փոխել քթի ձևը, շտկել շրթունքները և քիմքի ճեղքերը, կատարվել են նաև այլ միջամտություններ։
Պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամենամեծ առաջընթացն սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրա պատճառը դեմքի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած զինվորների մեծ թիվն էր։ Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մասնագիտացված բժշկական կենտրոններ նման արատների բուժման համար։ Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրներից է համարվում Հարոլդ Դելֆ Գիլիզը, որն աշխատել է Անգլիայի Սիդքափ քաղաքում։
Պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում մշակվել են մեծ թվով պլաստիկ վիրահատություններ։ Ռինոպլաստիկայի առաջամարտիկ է համարվում վիրաբույժ Ջոզեֆը, որը 1930-ականների սկզբին հրատարակել է այս թեմայով ամենահայտնի ձեռնարկներից մեկը։ Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի վիրաբույժներ կային, ովքեր պլաստիկ վիրահատություններ էին անում։
Պլաստիկ վիրաբուժությունը բժշկության լիարժեք ճյուղ դարձել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Իսկ այդ Էսթետիկ բժշկության զարգացման «ոսկե դարը» համարվում է անցյալ դարի 60- 80-ական թվականները:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում