Նախկին Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, երևի թե չկա այդպիսի մեկը, ով դիտած չլինի այնպիսի ամանորյա ֆիլմեր, ինչպիսիք են՝ "Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ", "Կառնավալային գիշեր", "Ձնե թագուհին", "Հին Նոր Տարին" և այլն:
Իսկ արտասահմանյան (այդ թվում՝ հետխորհրդային ռուսական արտադրության) ի՞նչ ամանորյա ֆիլմեր կարելի է դիտել այս տոնական օրերին:
Ձեզ ենք ներկայացնում ամերկյան, եվրոպական և ռուսական արտադրության լավագույն ամանորյա այն ֆիլմերի ցանկը, որոնց դիտումների քանակը տոների նախօրեին կտրուկ ավելանում է:
Տանը մենակ/ Home alone
ԱՄՆ
1990-ին նկարահանված այս ֆիլմը ներկայացնելու կարիք, կարծում ենք, չկա, քանի որ այն վաղուց դարձել է բոլորի, և հատկապես երեխաների, ամենասիրելի ամանորյա պատմությունը: Պատմություն մի տղայի մասին, ով Ամանորին տանը մենակ մնալով, տուն մտնել փորձող անհաջողակ կողոպտիչների համար դառնում է գլխավոր ամանորյա "նվերը":
Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը / How the Grinch stole Christmas
ԱՄՆ
Երևակայական մի քաղաքում կար-չկար Գրինչ անունով մի կանաչ, մազերով պատված մարդ կար: Քաղաքի բնակիչներից ոչ մեկը չէր սիրում նրան ևԳրինչը մի օր որոշեց հեռանալ ու ապրել մենակ: Բայց, քանի որ նա չարացած էր մյուսների վրա, ապա որոշեց գողանալ քաղաքի բնակիչների Սուրբ Ծնունդը…
Ռոն Հովարդի ամանորյա հեքիաթը նախատեսված է ամենափոքրիկ կինոսերների համար և ամբողջովին համապատասխանում է փոքրիկ կինոդիտողների պահանջներին:
Հրաշք 34-րդ փողոցում / Miracle on 34rth street
ԱՄՆ
Փոքրիկ Սյուզենը, ով հայր չունի, չի հավատում Սանտա Կլաուսի գոյությանը: Մայրիկը վաղուց բացահայտել է նրա համար Սանտայի «գաղտնիքը»: Սակայն ամեն ինչ փոխվում է այն բանից հետո, երբ Սյուզենը նյույորքյան "Քոուլ" առևտրի կենտրոնում հանդիպում է իսկական Սանտային…
Ամանորյա բարի պատմություն՝ ընտանիքի բոլոր անդամների հետ միասին դիտելուհամար:
Ֆրանսիացին / Француз
Ռուսաստան
Ֆրանսիացի մեծահարուստ Պոլը նամակագրական կապի մեջ է հասարակ ռուս աղջկա՝ Աննայի հետ:Ծննդյան Տոների նախօրեին Պոլը որոշում է գալ Ռուսաստան և գտնել Աննային: Եվ հենց այստեղ էլ սկսվում են ֆրանսիացու ամանորյա արկածները Ռուսաստանում…
Երջանիկ Սուրբ Ծնունդ/ Joyeux Noel
Ֆրանսիա/Գերմանիա/ՄեծԲրիտանիա/Բելգիա/Ռումինիա/Նորվեգիա
Եվրոպական մի քանի երկրների մասնակցությամբ ստեղծված այս հրաշալի կինոժապավենը պատմում է այն մասին, թե ինչպես Առաջին Աշխարհամարտի ժամանակ՝ 1914-ի Ծննդյան Տոների նախօերին տարբեր ազգությունների պատկանող մի խումբ զինվորներ որոշում են դուրս գալ խրամատներից և "թշնամիների" հետ միասին նշել Սուրբ Ծնունդը…
Հուզիչ ու մարդկային կինո:
Իրական սեր / Love actually
Մեծ Բրիտանիա/ԱՄՆ/Ֆրանսիա
Մի քանի՝ առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ, (Մեծ Բրիտանիայի վարչապետը, սկսնակ հեղինակը, փոքրաբյուջե ֆիլմերի դերասանուհին և այլոք) Ծննդյան Տոների օրերին հայտնվում են հանգամանքների մի շրջապտույտում, որն, ի վերջո, կապելու է նրանց բոլորին: Խառը իրադարձությունների հորձանուտում հայտնված այդ մարդկանց բոլոր արարքները իրականում որոշում է մեկը՝ Նորին Մեծություն Սերը…
Ինտուիցիա/ Serendipity
ԱՄՆ
Ամերիկյան ամենասիրված ռոմանտիկ մելոդրամներից մեկը՝ "Ինտուիցիան", նաև հանդիսանում է Ամանորին դիտելու հրաշալի ֆիլմ: Ֆիլմը ամերիկացիների համար դարձել է մոտավորապես նույնը, ինչ "Ճակատագրի հեգնանքը"՝ հետխորհրդային տարածքի կինոսերների համար՝ Ամանորին պարտադիր դիտելու կինո, որը պատմում է ճակատագրի ամենաանսպասելի զիգզագների մասին…
Տոնածառեր/ Eлки
Ռուսաստան
Չնայած այն փաստին, որ ֆիլմը նկարահանվել է ընդամենը 4 տարի առաջ՝ 2010-ին, այն արդեն հասցրել է դառնալ ռուս հանդիսատեսի ամենասիրելի ամանորյա ֆիլմերից մեկը: Իրադարձությունները ծավալվում են Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Կալինինգրադ, Կազան, Պերմ, Ուֆա, Եկատերնիբուրգ և այլն: Ֆիլմի հերոսները՝ տաքսիստը, հայտնի երգչուհին, դերասանը, գործարարը, դահուկորդը, ոստիկանը, հրշեջը, օտարերկրացիներն ու նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահն են, ովքեր դեկտեմբերի 31-ին հայտնվել են մի իրավիճակում, որից գլուխ հանելու համար հարկավոր է հրաշք: Իսկ հրաշքների համար «ամենահարմար» ժամանակը, ինչպես հայտնի է, Ամանորն է...
Թոմը և Թոմասը/ Tom and Thomas
Նիդեռլանդներ
Երկու տղաներ՝ Թոմը և Թոմասը, ապրում են Լոնդոնի տարբեր մասերում և չգիտեն մեկը մյուսի գոյության մասին:Սակայն նրանցից յուրաքանչյուրը միշտ իմացել է, որ հանդիպելու է ճիշտ իր նման մեկին:Եվ ահա նրանք հանդիպում են հենց Սուրբ Ծննդի նախօրեին, ամենազարմանալի վայրերից մեկում՝ Գիտության թանգարանում և որոշում են, որ անբաժան են լինելու: Իրենց այդ որոշումը պահելու համար նրանք պետք է անցնեն ամենատարբեր իրավիճակների միջով…
Կենդանի մնալ Սուրբ Ծննդին/ Surviving Christmas
ԱՄՆ
Դրյու Լեթեմը հարուստ և միայնակ մի մարդ է, ով սկսել է ձանձրանալ իր միապաղաղ առօրյայից: Մի անգամ, Ծննդյան Տոներին, նա որոշում է գտնել քաղաքի ծայրամասում գտնվող այն տունը, որտեղ անցել է նրա մանկությունը: Լեթեմը գտնում է տունը, և չնայած փաստին, որ այնտեղ վաղուց արդեն ուրիշ մարդիկ են բնակվում, որոշում է Սուրբ Ծնունդը անցկացնել այդ տանը…
Ուրախ և զվարճալի այս կինոկատակերգությունը ամանորյա լավ տրամադրություն ապահովելու բաղադրատոմսերից մեկն է:
Աղբյուրը՝ http://barometer.am/news/lifestyle/20141229/228/