«Փաստի» ահազանգերը արձագանք ստացան. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթը քանիցս անդրադարձել է ճանապարհների անմխիթար վիճակին, մասնավորապես՝ Նոյեմբերյան-Ոսկեպար, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Դիլիջան հատվածներին և ոչ միայն: Գրել էինք՝ վարորդները դժգոհում են, որ ճանապարհները հետպատերազմական վիճակ են հիշեցնում, իսկ իրենք էլ ստիպված են շաբաթը մի քանի անգամ վերանորոգման կետ այցելել:
Ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է նշել, որ այս ահազանգերն անարձագանք չմնացին: Նախօրեին՝ կառավարության հերթական նիստում նա անդրադարձավ ճանապարհների խնդրին: Փաշինյանը նշեց, որ իրենք չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհ, և այն մարդիկ, որոնց անորակ շինարարության պատճառով պետությունը լուրջ ֆինանսական վնասներ է կրել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և հայտնվեն բանտում։
Նշենք, որ սա կարող է լավ նախադեպ լինել այն առումով, որ քաղաքացիներին հուզող հարցերը և ԶԼՄ-ների քննադատությունները այսուհետ ոչ թե սրերով ընդունվեն, այլ հայտնվեն ուշադրության կենտրոնում: Ընդ որում՝ ոչ թե ամեն անգամ վարչապետի մակարդակով, այլ յուրաքանչյուր կառույց՝ իր ոլորտի հարցերով:
Ճանապարհների անբարեկարգ վիճակի և դրանց վերանորոգման ժամկետների հետ կապված մենք հարցում ենք ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն, որտեղից ստացված պատասխանները կներկայացնենք առաջիկա համարում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում