Ի՞նչ եղանակով են հայկական պատվիրակության անդամները Բրյուսելից ժամանելու Հայաստան
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել էինք, Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը: Վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում է գտնվում նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյուններից հետո խափանվել էին տրանսպորտային միջոցների աշխատանքները, հետաձգվել էին թռիչքները: Իսկ թե ինչպես են հայկական պատվիրակության անդամները, որոնք արդեն այսօր պետք է ժամանեին Հայաստան, գալու հայրենիք, Orer.am-ը պարզեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից: «Հավանաբար, մեկնենք Ֆրանկֆուրտ, այնտեղից Մոսկվա, ապա Երեւան»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ հայկական պատվիրակության անդամները եթե ոչ նախատեսված օրը, ապա մի փոքր ուշացումով կժամանեն Հայաստան:
Սոսե Չանդոյան