Մանրամասներ Արցախում վիրավորված երեխաների առողջական վիճակի մասին
ՀասարակությունՀակառակորդի ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված 2 երեխաները՝ 2004թ. և 2005թ. ծնված, այս պահին գտնվում են Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում: Այս մասին Արցախում գտնվող Օrer.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ երեխաները հրազենային վիրավորում են ստացել դպրոցից տուն գնալու ճանապարհին: Տղաներից մեկի մոտ ազդրոսկորային բաց բազմաբեկորային վնասվածք է և տրավմատիկ շոկ:

«Տղային վիրահատել ենք, մշակել ենք բաց վերքը, ազդոսկրի ձգում ենք արել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս տղայի մոտ առկա է ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք: Վիրահատել ենք, հակաշոկային թերապիա արել և արյան փոխներարկում: Նրա վիճակը նույնպես կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Նա տեղեկացրեց նաև, որ երկու վիրավորներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մարգարյանը հավաստիացրեց, որ վնասվածքներն այնպիսին են, որ հետագայում հետք չեն թողնի տղաների մոտ:

Սոսե Չանդոյան