Կամավորականների հոսքը պարզապես չի դադարում
ՀասարակությունԵրկրապահ կամավորականների միության կամավորական խմբերն արդեն առաջնագծում են: Մարտական հենակետեր մեկնելու դիմում են ներկայացրել հազարավորները: Արդեն իսկ բոլոր մարտական հենակետերում կան երկրապահ կամավորականներ, երկրապահներ կան նաեւ սահմանային զորամասերում, բավական մեծ թվով երկրապահներ էլ իրենց հերթին են սպասում Ստեփանակերտում: Մեծ թափով շարունակվում է կամավորականների ցուցակագրումը: Երկրապահի կենտրոնական շտաբ եւ տեղական շտաբեր են դիմում հազարավոր մարդիկ, այդ թվում` կանայք, երիտասարդ աղջիկներ, ուսանողներ, նույնիսկ արտերկրից ժամանածներ կան, որ առաջնագիծ մեկնելու դիմումներ են ներկայացնում: Առանձին հայտարարություններով առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնել նաեւ ԵԿՄ արտերկրի ներկայացուցչությունները:
Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հանդիպման ժամանակ կատարվել է սահմանային իրավիճակի վերլուծություն, որի հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ: Ըստ այդմ` կատարվել է երկրապահական վաշտերի բաշխումն ըստ հենակետերի: Զորավար Մանվել Գրիգորյանի առաջնորդությամբ երկրապահ կամավորականները հայրենիքի հանդեպ պարտքը կատարում են բոլոր սահմանային հենակետերում:
Զուգահեռաբար ԵԿՄ վարչության շենքի տարածքում եւ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում շարունակվում է կամավորականների հոսքը, բոլոր նորագիրների հետ հրահանգավորման աշխատանքներ են տարվում` զենքի հետ աշխատանք եւ այլն: Այս պահին առաջնագիծ ճանապարհումն արվում է ըստ մասնագիտությունների ստացած պահանջարկի: «Երկրապահների ոգին ամենուր ամուր է, մարտական, տրամադրությունը` վճռական»,- այս մասին Orer.am-ին տեղեկացրեցին ԵԿՄ վարչության լրատվական ծառայությունից:
Սոսե Չանդոյան