Ով ինչ է արել պատերազմող Արցախի համար. մի հրապարակման հետքերով
ՀասարակությունՕրերս մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ իրականում Արցախին օգության ձեռք մեկնողների թվում շատ են այն բարերարները, ովքեր շատ ավելին են անում, բայց ոչ թե դրանց ֆոնին սելֆի են անում ու ողջ աշխարհին հայտարարում այդ մասին, այլ գերադասում են այդ մասին մեծահոգաբար լռել:
Փորձեցինք պարզել, թե իրականում այդ հրապարակումները որքան աղերս ունեն իրականության հետ:
Artsakhpress.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վահրամ Պողոսյանը, ում ղեկավարած գործակալությունը հատկապես ակտիվորեն լուսաբանում է արցախյան բոլոր իրադարձությունները, Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացրած, սակայն այդ մասին երբևէ չբարձրաձայնած անձանց, նշեց, որ թե´ Լևոն Հայրապետյանը, թե´ Ռուբեն Վարդանյանը և շատ այլ անձինք բավական օգնել են Արցախին: Մեր զրուցակիցը նշեց, որ չնայած իր տեղեկությունները, հնարավոր է, որ լիարժեք չլինեն Ռ. Վարդանյանի իրականացրած բոլոր ծրագրերի մասին, բայց նշեց, որ նրա ակտիվ մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման հարցում բավական մեծ է. «Լևոն Հայրապետյանի կողմից կազմակերպած Մեծ հարսանիքի ժամանակ, որն իրականացվեց Արցախում, Ռուբեն Վարդանյանը բավական մեծ ներդրում էր ունեցել այդ գործում, և նա նաև հարսանյաց հանդեսի քավորն է եղել: «Ամերիա Բանկն» է ներկայացված, որը բավականին մեծ ազդեցություն ունի տնտեսության զարգացման հարցում»,- ասաց Վ. Պողոսյանը:
Խոսելով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի իրականացրած բարեգործական ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ նրա ընտանիքի կողմից Ստեփանակերտում երկու շենք է կառուցվել: Յուրաքանչյուր շենք 12 բնակարան ունի, որոնք ամբողջությամբ նվիրաբերվել են սոցիալական տարբեր կարգավիճակում գտնվող ընտանիքներին:
«Առաջին շենքի բացումը եղել է 2014 թվականին, իսկ երկրորդի բացումը դեռ չի եղել, բայց իմ ունեցած տեղեկություններով բնակարանները հիմնականում բաժանված են»,- ասաց Վ. Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ Մ. Պողոսյանը նաև բավական ակտիվ է եղել նաև ապրիլյան պատերազմի օրերին, սակայն չի երևացել լրատվամիջոցներով: Թե ինչ ծրագրի է մասնակցել կամ ինչ աջակցություն է ցուցաբերել Արցախին, մեր զրուցակիցն ասաց, որ չգիտի: Մեր այն դիտարկմանը, թե ստացվում է, որ Մ. Պողոսյանը բավական ծրագրեր է իրականացրել, սակայն կարծես սելֆի անող բարեգործների շարքին չի պատկանում, Վ.Պողոսյանն ասաց. «Եթե առ այսօր այդ մասին որևէ լրատվամիջոց չի գրել, չի ցուցադրել, ինչպես շատ շատերինը, բնականաբար, կարելի է նաև այդպես ասել»:
Արմինե Գրիգորյան