Ոստիկանությունում քննարկում են ճանապարհային ոստիկանության փոխարեն պարեկային ծառայության անցնելու տարբերակը
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն Ազգային ժողովում ներկայացրեց այն բարեփոխումները, որ վերջին տարիներին իրականացվել են ոստիկանական համակարգում, ինչպես նաև առաջիկա քայլերը: Խորհրդարանում «Ոստիկանություն ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգա մավոր Մկրտիչ Մինասյանի հարցին, Վարդան Եղիազարյանն ասաց, որ ոստիկանությունում բարեփոխումների առումով մի քանի ուղղությամբ աշխատանք է ընթանում:
«Ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ ենք աշխատում և, իհարկե, մեր հեռահար ծրագրերը կյանքի կոչելու համար: Առաջինը համայնքային ոստիկանության հիմնադրումն էր, այստեղ դեռ անելիքներ կան, բայց գաղափարը կա, սա այն ոստիկանությունն է, որ պետք է աշխատի համայնքների հետ, միտված լինի համայնքներին և անմիջական կապ ստեղծի: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց` հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ փոփոխություններ կան անձնագրային վիզաների վարչությունում, բազմիցս քարկոծված ճանապարհային ոստիկանությունում, մտահղացում կա պարեկային ծառայության անցնելու: «Ըստ երևույթին, կվերանա ճանապարհային ոստիկանություն հասկացությունը, և կլինի պարեկային ծառայություն, որը կիրականացնի և ճանապարհային ոստիկանության գործառույթները, կզբաղվի հասարակական կարգի ապահովմամբ: Քննարկում ենք քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգության ոստիկանություն ստեղծելու տարբերակներ»,- եզրափակեց Վարդան Եղիազարյանը: