Ադրբեջանը Հորադիզի ուղղությամբ կրակել է 82 մմ-ոց ականանետերից
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ուղղությամբ տեղակայված իր հենակետերից Ադրբեջանը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է»: