Աթեշյանը Թուրքիայի հայերի անունից ցավակցական ուղերձ է հղել Էրդողանին
ՀասարակությունՊոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի հայերի անունից ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես տեղեկացրին Պոլսո պատրիարքարանից, Բեշիքթաշի թաղապետարանի կողմից Դոլմաբահչեում կազմակերպված հիշատակի արարողության պատրիարքարանի կողմից ներկա է գտնվել Օրթաքյոյի հայկական եկեղեցու քահանա Մաղաքյա Բեսքիսիզյանը, ով ընթերցել է Աթեշյանի ուղերձն Էրդողանին:
Պոլսո պատրիարքական փոխանորդը նշել է, որ խորը վշտով է տեղեկացել ահաբեկչական հարձակման մասին, որին զոհ են գնացել մեծամասամբ իրավապահ մարմինների աշխատակիցներ:
«Ահաբեկչությունը հարձակում է Աստծո` մարդկանց շնորհած կյանքի իրավունքի դեմ: Նմանօրինակ գործողությունները, անկախ այն փաստից, թե որտեղից են սկիզբ առնում, մշտապես դատապարտման են արժանանում ողջախոհ անձանց կողմից: Մեր ցանկությունն է, որ մարդկային նմանօրինակ հանցագործությունները, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և միայն վնասում են, վերջանան:
Որպես Թուրքիայի հայեր` մեր աղոթքներն ենք միացնում մեր հայրենիքի միության, խաղաղության ու հանգստության համար արվող աղոթքներին»,- նշվում է Աթեշյանի ուղերձում: