Դեսպան Եգանյանը ելույթ է ունեցել ԻՊ-ի գերությունից եզդիների ազատագրմանը նվիրված միջոցառմանը
ՀասարակությունԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Տորոնտոյի «Zoomer Media» կենտրոնում դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Իսլամական պետության» գերությունից եզդիների ազատագրմանը նվիրված միջոցառմանը, որը նախաձեռնել էր «One Free World International» կազմակերպությունը` Մարդու Իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը մասնակցում էին կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներ, լրագրողներ:
Միջոցառման ընթացքում իր ունեցած ելույթում դեսպան Եգանյանը մանրամասն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը` զուգահեռներ անցկացնելով նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված վայրագությունների և 2014թ. Իրաքում Իսլամական պետության կողմից եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների միջև:
Դեսպանը նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ միջազգային ամենատարբեր հարթակներում բարձրաձայնեց Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների վայրագությունների ու դրա սպառնալիքների մասին:
Ավարտելով ելույթը` դեսպանը խոսեց եզդիների՝ Հայաստանի ազգաբնակչության լիիրավ անդամ լինելու, այլ ազգային փոքրամասնությունների հետ նրանց հավասար իրավունքների, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կառուցվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի մասին:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրել Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը՝ Կանադա տեղափոխված սիրիահայ Աննա Մարիայի կատարմամբ»: