Կառավարությունն առաջարկել է կուսակցությունների գրանցման համար նվազագույն թիվն էլ ավելի կրճատել՝ 2000-ի փոխարեն 800 մարդ
ՀասարակությունԿառավարությունն առաջարկել է կուսակցությունների հիմնադիրների նվազագույն թիվը էլ ավելի կրճատել՝ ներկայիս 2000-ի փոխարեն 800 մարդ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ 2-րդ ընթերցմամբ ներկայացնելով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր խմբագրմամբ օրինագիծը:
Սկզբում առաջարկվել էր գրանցման պահին հիմնադիրների թիվը 2000-ից մինչեւ 1000 մարդու կրճատել: Այնուհետեւ ոչ մեծ կուսակցությունների ներկայացուցիչները (Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը) առաջարկեցին այդ թիվը կրճատել մինչեւ 500 մարդ: Կառավարությունն, իր հերթին, համաձայնեց 800-ին:
Պահպանվում է հիմնադիր համագումարի ժամանակ նվազագույնը 100 մարդու պահանջը, ըստ որում՝ կուսակցական կանոնադրությունը նրանք պետք է միաձայն ընդունեն: «Որպեսզի հստակ լինի, որ կուսակցության անդամները կարեւորագույն հարցերում միասնական տեսակետ ունեն: Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչպես եւ ինչու են քաղաքականություն մտնում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: