Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում. քաղաքապետարան
ՀասարակությունՄայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հաշվի առնելով հատկապես գիշերային ժամերին սպասվող ջերմաստիճանի անկումը` հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են նաև աղի և շլաքային ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նաև մայթերի, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ:
Տնտեսվարող սուբյեկտները ևս իրականացնում են իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների մարդկային ու տեխնիկական ռեսուրսները: Ողջ գործընթացը տեղերում վերահսկվում է ինչպես վարչական շրջանների ղեկավարների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: