Գեղարքունիքի մարզում գրանցվել է 25,8 աստիճան սառնամանիք
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում դեկտեմբերի 19-ի լուսադեմին գրանցվել է 25,8 աստիճան սառնամանիք:
Ինչպես տեղեկացրին Գավառի օդերեւութաբանական կայանից, 25,8 աստիճան սառնամանիքը գրանցվել է դեկտեմբերի 19-ի ժամը 6.30-ի սահմաններում: «Նման խստաշունչ սառնամանիք մեզ մոտ գրանցվել է 1970-ական թվականներին՝ մինչեւ մինուս 30 աստիճան էլ ունեցել ենք, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այսպիսի սառնամանիքներ չէինք ունեցել:
Առաջիկա օրերին եւս սպասվում է ջերմաստիճանի նոր անկում»,-ներկայացրեց Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներից ստացված տվյալներով՝ նման սառնամանիքի ազդեցությամբ Սեւանա լիճը չի սառցակակել, իսկ բոլոր ճանապարհներն անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար, թեեւ տեղ-տեղ պահպանվում է մերկասառույցը: Բարձրլեռնային Մաքենիս գյուղի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ Մաքենիսում գրանցվել է 26 աստիճան սառնամանիք: