ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի գաղտնիացումն իրականացվում է անվտանգության նկատառումներով
Հասարակություն«Գնումների մասին» օրենքով ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերի գաղտնիության ապահովման նպատակն անվտանգության ապահովումն է ու հնարավոր ռիսկերի չեզոքացումը:
Դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, արձագանքելով լրագրողների հարցին` թե ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են լինել, պատասխանեց, որ կան հարցեր, որոնք չպետք է ֆետիշացնել:
Նրա խոսքերով՝ միջազգային պրակտիկայում, սովորաբար, գաղտնի են պահվում երկրի առաջին դեմքերի ծախսերը, և որևէ լրագրող չի կարող էլեկտրոնային եղանակով տեղեկանալ, օրինակ, Անգելա Մերկելի կամ ցանկացած նախագահի, վարչապետի ծախսերի պլանավորումը:
«Ինչո՞ւ պետք է բոլորն իմանան, թե վարչապետը կամ ԱԺ նախագահը ո՞ր ռեստորանում պետք է իր հյուրերին ճաշ մատուցեն: Այստեղ կա՞ն անվտանգության ապահովման հետ կապված ռիսկեր: Վստահեցնում եմ, որ կան: Երեք օր առաջվա դեպքը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհում տարբեր քաղաքական շահերի արդյունքում կան անվտանգության հետ կապված ռիսկեր: Չպետք է մոռանանք, որ ունենք երկու հարևան, որոնք մեզ բարեկամ չեն»,- ասաց Վարդան Արամյանը` հավելելով, որ եթե որևէ մեկը տեղեկանում է, թե որ ընկերությունների մեքենաներն են սպասարկում Նախագահին, վարչապետին, որ ընկերությունն է ճ աշ մատուցում, որ ռեստորանում է Նախագահը հյուրերի հետ ճաշում, անվտանգության ռիսկերը մեծանում են: Դրա համար կապալառուի տվյալները պետք է գաղտնի լինեն: Կան անվտանգության կանոններ, որոնք պետք է պահպանվեն: