Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ (ֆոտո)
ՀասարակությունԳեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության գործով կասկածյալ Մեխակ Հարությունյանը ձերբակալվել է: Այս մասին այսօր` հունվարի 8-ին տեղեկացանք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինը մահացել է:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը` Մակարով տեսակի ատրճանակ:
Նախաքննությունը շարունակվում է:
