Գիրքը միշտ կմնա և չի կարող երկրորդ պլան մղվել. Դանիել Հան
CultureԵրևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում թարգմանիչների համար անցկացված եռօրյա վարպետության դասընթացը կազմակերպվել էր մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) հայաստանյան կոմիտեի կողմից, IBBY-ի «Յամադա հիմնադրամի» (Yamada Fund) 2016 թվականի դրամաշնորհային ծրագրի «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակում:
Այն վարում էր Մեծ Բրիտանիայից հրավիրված հայտնի թարգմանիչ և գրող Դանիել Հանը: Բացի ստեղծագործելուց, նա զբաղվում է նաև գրական գեղարվեստական գործերի թարգմանությամբ և արդեն հասցրել է մոտ 30 գիրք թարգմանել պորտուգալերենից, իսպաներենից, ֆրանսերենից և ներկայացնել անգլալեզու ընթերցողներին:
Orer.am-ի հետ զրույցում Դ.Հանը նշեց, որ ոչ միայն թարգմանությամբ է զբաղվում, այլև տարբեր երկրների թարգմանիչների հետ անցկացնում է վարպետության դասընթացներ և նրանց թարգմանական արվեստին է ծանոթացնում և սովորեցնում այդ մասնագիտության նրբությունները: Գեղարվեստական գրքերից բացի՝ նա նաև մանկական գրական- գեղարվեստական ստեղծագործություններ է թարգմանում և անցած տարի մանուկների դատին է ներկայացրել մի ժողովածու, որը համարում է իր կողմից մանուկների համար թարգմանած ամենածավալուն գիրքը:
Դանիել Հանը թարգմանությամբ զբաղվում է արդեն 10 տարի, իսկ թարգմանությունների հիմնական պատվիրատուները հրատարակչություններն են: Նրան չի անհանգստացնում, որ ինտերնետը, ներխուժելով մարդկանց կյանք, կարող է խզել գիրք-ընթերցող կապը և ընթերցողին հետ մղել գրախանութներ այցելելուց և գրքի հետ շփվելու հնարավորությունից:
«Գիրքը, ինտերնետից բացի, մրցում է նաև ֆիլմերի և գեղարվեստական այլ ժանրերի հետ, ուստի, անկախ նրանից, թե ընթերցողը գրքի՞ց է ընթերցում ստեղծագործությունը, թե՞ պլանշետից, միևնույնն է, գիրքը միշտ կմնա և երբեք չի կարող երկրորդ պլան մղվել»,- ասաց Դ. Հանը:
Խոսելով թարգմանիչների համար անցկացվող վարպետության դասընթացների մասին՝ նա նշեց, որ բազմաթիվ երկրներում է նմանատիպ գործունեությամբ հանդես եկել, մասնավորապես՝ Բրազիլիայում, Քաթարում, Պակիստանում և շատ այլ երկրներում, սակայն, նրա կարծիքով, Հայաստանում կազմակերպված դասընթացի մասնակիցներն առանձնանում են իրենց յուրահատուկ տաղանդով:
«Շատ տպավորված եմ հայ թարգմանիչներով: Դասընթացի մասնակիցներից ոմանք նախկինում գիրք են թարգմանել, ոմանք ստեղծագործություններ են թարգմանել: Նրանց թվում կան նաև ուսանողներ, ովքեր ընդհանրապես գեղարվեստական թարգմանություններ չեն կատարել և շատ հետաքրքիր է նման տարբեր մասնակիցների հետ աշխատելը: Ես շատ գոհ եմ բոլորից և ստեղծված մթնոլորտում աշխատելը ինձ համար նույնպես շատ հետաքրքիր է»,- ասաց Դ. Հանը:
Նա երկորդ անգամ է Հայաստան այցելում: Նրա առաջին այցի նպատակն աշխատանքային հանդիպումներ են եղել հայ ակադեմիկոսների, գրողների և այլ մասնագետների հետ՝ ներկայացնելու քոփիռայթինգի, խմբագրական արվեստի, հրատարակչական արվեստի նրբությունները:
Հետաքրքիր էր, որ հայտնի գրող և թարգմանիչ Դանիելը բավականին զուսպ էր իր մասին պատմելիս և ամենևին էլ չէր ընդգծում իր՝ հայտնի լինելու հանգամանքը: Իսկ զրույցի ավարտին նա նշեց, որ շատ է ցանկանում այլ ծրագրերի շրջանակում կրկին այցելել Հայաստան, քանի որ իրեն շատ է դուր եկել մեր երկիրը: Ինչպես մեր երկիր ժամանող բոլոր հյուրերը, նա նույնպես չշրջանցեց հայկական բացառիկ հյուրասիրությունն ու ընդգծված ուշադրությունը հյուրերի հանդեպ, ինչը նույնպես շատ էր տպավորել նրան:
Ինչ վերաբերում է թարգմանիչների վարպետության դասընթացի մասնակիցների հետ ստեղծված կապերի ամրապնդմանը, նա նշեց, որ իրենք ֆեյսբության էջ ունեն, որի միջոցով կապն առավել հաստատուն կդառնա և կփորձեն հետագայում նույնպես համատեղ քննարկումներ և այլ աշխատանքներ իրականացնել:
Արմինե Գրիգորյան