«Փրկիչ» թե՞ շարքային մանիպուլյատոր
АналитикаՀատկանշականն ու կարևոր մի հանգամանք կա, որը գրեթե ապացուցման կարիք չունի․ մարդիկ երբեք չեն հիշում, և չեն կարևորում այն, թե` ի սկզբանե ինչպես է ձևավորվել իրենց հավատն առ այն անհատների, ովքեր տարիներ շարունակ իրենց մատուցել ու հրամցրրել են իրենց ցանկալին և որին կուրորեն հավատեցել են՝ ինչպես մեսիային: Ինչքան ուզում եք անհերքելի փաստեր ներկայացրեք` նա կմնա իր կարծիքին: Եվ հակառակը` այդ նույն տեսակը, եթե չի հավատում, ինչքան ուզում ես անհերքելի փաստեր ներկայացրու, միևնույնն է` չի հավատալու:
Երկու դեպքում էլ համոզմունքը հիմնովին փոխվում է միայն այն ժամանակ, երբ տվյալ մարդը անձամբ իր, իր հարազատի, ընտանիքի, կամ շատ մտերիմների մաշկի վրա զգում է իր սխալի անմիջական կործանարար հետևանքները: Այդպիսիները` պետության նկատմամբ օրով և ժամով ահագնացող վտանգը ընդհանրապես չեն զգում:
Ցավոք` այդ դեպքում նրանց համար շատ ուշ է լինում շտկելու իրավիճակը, և ստիպված են լինում լավագույն դեպքում նորից սկսել զրոյից:
Շատ բնական է, որ այդ պայմաններում փրկիչների ընտրության հարցում այդ կարգի մարդիկ այլևս ընտրություն չեն կատարում, երբեք ոչնչից չեն խորշում: Նրանց առողջ դատողությունը մթագնում է, երբ նրանք սկսում են պայքարել իրենց կարծիքով իրենց «երջանկությունը խլած» և իրենց «կյանքը խորտակած» մարդու, կամ մարդկանց խմբի դեմ: Ընդ որում` չկայացածները պայքարում են առանց գիտակցելու, իսկ կայացածները` անձնական շահից, նախկինում չգնահատված, կամ ոչ բավարար գնահատված լինելու բարդույթից, իսկ երբեմն էլ` նախկիննների և իրենցից առավել հաջողակների նկատմամբ զուտ մարդկային նախանձից ելնելով:
Դա կլինի իրենց կարծիքով իրենց պես անհաջողակ մեկը, կլինի բանսարկու, զրպարտիչ, ստախոս, «ծաղրածու», շարքային խեղկատակ, խամաճիկ, կյանքում ոչինչ չստեղծած և ամբողջ կյանքը այլոց ունեցվածքին ու ստեղծածին նախանձով ու չարությամբ հայացքն ուղղած և այդպես էլ ոչնչի չհասած, հոգեշեղվածի վարքագիծ ունեցող մեկը, թե` դավաճան, արդեն միևնույնն է լինում իրենց համար:
Պետք է հաշվի առնել նաև, որ` երբ երկրում ամեն ինչ կայուն ու խաղաղ է, երկիրը արագ, թե դանդաղ զարգանում ու կառուցվում է, և առերևույթ առկա չէ ազգային արժեքների և պետական ինստիտուտների ոտնահարում, ապա իշխանության և հասարակության մոտ բթանում է պետության և ազգային արժեքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները հեռվից զգալու և դրանց դիմակայելու` բնատուր, գենետիկ, ազգային խորը թաքնված իմունիտետը: Վերջին երեսուն տարվա ժամանակագրությունը եթե դիտարկենք, ապա կնկատենք, որ այն արթնանում է միայն այն պահին, երբ առերևույթ ի հայտ են գալիս այդ վտանգները: Առաջին անգամ` 1992-93-ին, երկրորդ` 1996-1998-ին, և վերջին օրինակը աչքներիս առաջ է:
Իրականում այդ վտանգը անընդհատ և ամենուր առկա է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն կենտրոններ, որոնք իրենց շահերը հետապնդելով պատրաստ են ոտնահարել ամեն ազգայինն ու մարդկայինը:
Եթե երկիրը, իր ներքին թերություններով հանդերձ` նորմալ, կամ արագ զարգանում է, և պետական ինստիտուտները, կառույցները պատշաճ կերպով իրականացնում են իրենց գործառույթները, ապա այդ վտանգները, այսինքն` հակաազգային ու հակապետական բջիջները` թույլ են և թաքնված:
Ցանկացած երկրի համեմատաբար դանդաղ զարգացման, և դրան զուգահեռ` համապատասխան պետական կառույցների կողմից իրենց գործառույթների ոչ պատշաճ իրականացման պայմաններում նշված հակաազգային և հակապետական կառույցներն աստիճանաբար ուժեղանում են: Իրավիճակն աղետալի է դառնում այն ժամանակ, երբ այդ հակազգային ու հակապետական տարրերը` այս, կամ այն կերպ ստանձնում են իշխանության դերը և տնօրինում են կառավարման լծակները:
Անդրանիկ Հարությունյան