Դեկորացիաները իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանափոխությունից նույնիսկ մեկուկես տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այնպիսի քայլերի դիմել, որոնցով սպասումներ կառաջացնի հասարակության շրջանում:
Քանի որ կառավարության կատարած քայլերը իրենց տեսանելի արտացոլումը չունեն մարդկանց կյանքում՝ դրական փոփոխությունների տեսքով, ապա Փաշինյանին մնում է անընդհատ փորձել ցույց տալ, թե բարեփոխումների գործընթաց կա, տնտեսական հեղափոխությունը լիովին իր ընթացքի մեջ է և այլն:
Սակայն եթե իրադարձությունները դիտարկում ենք խորքային առումով, ապա պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգում մեծ թափով փոփոխություններ են ընթանում, սակայն դրանց անհրաժեշտությունը և արդյունավետության մակարդակը դեռ հարցականի տակ է:
Այսպես, փոփոխությունների առյուծի բաժինը վերաբերում է կառավարության կազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին:
Նախ՝ վերացվեց առաջին փոխվարչապետի պորտֆելը, ապա անցում կատարվեց նախարարությունների միավորման գործին:
17 նախարարությունը կրճատվեց՝ դառնալով 12, կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան նաև կառավարության և նախարարությունների տարբեր ստորաբաժանումներում:
Այս օրերին էլ իշխանությունների նախաձեռնությամբ ձևավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն ամեն ինչ սրանով չի ավարտվում, և տեղի ունեցածը կառուցվածքային փոփոխությունների միայն մի փոքր մասն է, քանի որ լուրջ փոխատեղումները դեռ առջևում են:
Եվ արդեն իսկ նշմարվում են սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների մտադրությունները, որի շրջանակում, ըստ ակտիվ շրջանառվող տեղեկությունների, տեղի է ունենալու նոր դատական համակարգի ձևավորում՝ մասնավորապես վերակազմավորվելու է Սահմանադրական դատարանը և, ինչպես տեղեկություններ են շրջանառվում մամուլում, դիտարկվում է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորման հարցը:
Նպատակադրում կա ստեղծել նաև «Հակակոռուպցիոն կոմիտե», իսկ Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչև լուծարում: Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմամբ վերջնականապես լուծարվելու է ՀՔԾ-ն:
Անվանական փոփոխություններից անմասն չեն նաև ուժային կառույցները, որի վերջին օրինակն էլ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության ստեղծումն էր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնի փոխարեն:
Ու ամենահետաքրքիրն այն է, որ պահպանվում է հավանականությունը, թե նույնիսկ նորաստեղծ կառույցները կարող են կրկին փոխել իրենց անունները, միավորվել այլ կառույցների հետ և այլն:
Սակայն մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում լայն թափով կառուցվածքային փոփոխություններ ձեռնարկել, երբ դրանց արդյունքները հասարակության համար շատ չնչին են:
Բնականաբար այս գործընթացը տեղավորվում է իշխանությունների իմիտացիոն քաղաքականության շրջանակում, թե առաջընթաց կա, բարեփոխումներ են ընթանում, բարելավվում է օրենսդրական դաշտը, սակայն դրանով միայն ֆոն ապահովելու խնդիր է լուծվելու:
Բացի այդ, նոր կառույցների ստեղծումը բարդացնելու է կառավարման համակարգի գործունեությունը, քանի որ որոշակի ադապտացիոն փուլ է պետք, որպեսզի նորաստեղծ կառույցները սկսեն արդյունավետորեն գործել:
Մեկ ուրիշ խնդիր է նաև այն, որ իշխանությունները նպատակ են հետապնդում պետական կառավարման համակարգը վերաձևել այնպես, որ ինչքան հնարավոր է այն ծառայի իրենց քաղաքական շահերին:
Այնուամենայնիվ, իշխանությունները դեռևս չեն գիտակցում, որ դեկորացիաների միջոցով միայն կարճ ժամանակ են շահում, իսկ երկարաժամկետ կտրվածքում տանուլ են տալիս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում