Հարկերն ավելացնելու նախաձեռնությունները պետք է սառեցվեն. Գագիկ Մակարյան
Экономика2021-ի հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է առողջապահական և կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գործընթաց, որն ինչպես գիտենք, կազմում է 20 %:
Orer.am-ի հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով որոշման ռիսկերին` նշել էր, որ դրա ընդունումից հետո վերոնշյալ ուղղություններով ծառայությունները կթանկանան 20 %-ի չափով, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ կառաջացնի թե՛ ծառայությունների մատուցման և թե՛ հարկերի հավաքագրման առումներով:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը Orer.am-ի հետ զույցում անդարդառնալով այդ խնդրին նշեց, որ բյուջեի ճեղքվածքի ժամանակ մշտապես հարկեր ավելացնելու փորձեր եղել են, քանի որ դա ամենահեշտ եղանակն է, բայց նման քայլի գնալու դեպքում պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկվեն ոլորտները, որպեսզի չվնասեն բիզնեսին:
«Շատ հաճախ բազմակողմանի վերլուծություններ չեն իրականացվել, հասկանալու համար, թե հարկատեսակների ավելացման հետևանքով բիզնեսն ինչ վարքագիծ կդրսևորի և ինչ հետևանքներ այն կարող է առաջանցել բյուջեի մուտքերի վրա: Պետք է հաշվի առնել, որ փողը տնտեսության մեջ է, ոչ թե հարկերի, բայց հենց կառավարությունը գումարներ հավաքագրելու առումով մի փոքր նեղն են ընկնում, սկսում են հարկեր ավելացնելու միջոցով մուտքերն ավելացնել:
Ներկայում խոսք է գնում նաև շրջանառության հարկի շեմն իջեցնելու, առողջապահության և կրթության ոլորտները ԱԱՀ-ով հարկելու մասին: Հունվարի 1-ից բարձրացավ նաև գույքհարկը, այսինքն՝ գնում ենք նրան, որ այս եղանակով անընդհատ բիզնեսից փող է դուրս հանվելու: Մինչդեռ, պետք է հակառակը լիներ՝ տնտեսության մեջ պետք է գումար ներդրվեր, որպեսզի զարգացում լիներ, բայց, փաստորեն, այս ոլորտների դեպքում բնակիչների գրպանից էլ են փող տանելու: Ես համամիտ եմ, որ չի կարելի առողջապահության և կրթության ոլորտների հարկերն ավելացնել, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք մարդկային կապիտալի զարգացման հետ, որը ներառում է այս երկու ոլորտները՝ կրթությունը և առողջապահությունը: Եվ, եթե այս ամենին հավելենք այդ ոլորտերում առկա խնդիրները, ապա կարող ենք ասել, որ իրավիճակը բարելավելու քայլեր իրականացնելու փոխարեն, խնդիրներն ավելի կխորանան, իսկ բնակչությունը չի կարողանա օգտվել այդ ծառայություններից»,- ասաց Գ. Մակարյանը:
Մասնագետի կարծիքով՝ 30 % աղքատության ցուցանիշի պայմաններում՝ պարտադիր վճարները, ինչպես նաև կոմունալ ու սննդի ապահովման ծախսերը մի կերպ հոգալու պայմաններում, փաստորեն, բնակչությունը չի կարողանա հոգալ իր առողջության պահպանման հարցերը, ինչը կհանգեցնի հիվանդների թվի կտրուկ աճին:
«Ներկայիս համաճարակային պայմաններում, փաստորեն, մարդիկ կդառնան ավելի խոցելի: Կրթության դեպքում ևս կլինեն խնդիրներ, քանի որ անվճարունակ խավը կզրկվի բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Եվ եթե այս ամենին հավելենք նաև կրթության որակը, որն առանց այն էլ բավարար հիմքերի վրա չէ, կստացվի, որ սրանով մենք է՛լ ավելի կթուլացնենք մարդկային կապիտալը, դրանից բխող հետևանքներով: Դա է պատճառը, որ պարտվում ենք պատերազմում, գիտությունը, տեխնիկան չի զարգանում: Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է սառեցվեն և ավելի ողջամիտ կլինի գնալ այլ ճանապարհով: Ներկա իրավիճակում պետությունը պետք է առաջին հերթին մտածի իր անվտագությունն ամրապնդելու մասին, իսկ բիզնեսի համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի բիզնեսը շարունակի գործել և բարգավաճել, իսկ մարդիկ չմտածեն երկրից հեռանալու մասին»,- ասաց Գ. Մակարյանը:
Արմինե Գրիգորյան