Երբ պետությունն ի վիճակի չէ իրականացնել իր բուն գործառույթները, քաղաքացիները ստիպված են իրենց ջանքերով արձագանքել առկա մարտահրավերներին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Եկեք ընդունենք, որ տևական ժամանակ շարունակում է պահպանվել այն տպավորությունը, թե լիովին անիշխանության պայմաններում ենք ապրում։ Եվ իսկապես, համընդհանուր անարխիան դարձել է հասարակական կյանքում տիրապետող միտումը, որի արդյունքում պետական ինստիտուտները կազմալուծված և բարձիթողի վիճակում են։ Իսկ երբ պետությունն ի վիճակի չի լինում իրականացնել իր բուն գործառույթները, ապա այդ դեպքում քաղաքացիները ստիպված են լինում իրենց ջանքերով արձագանքել առկա խնդիրներին ու մարտահրավերներին։
Եվ միայն մեծ աղմուկի բարձրացումից հետո է, որ իշխանությունները փորձում են իմիտացիա անել, թե անցել են գործի։ Այդպես եղավ սահմանների հստակեցման դեպքում, երբ մեր իշխանություններն ուղղակի դիտորդի դերում էին։ Երբ մեծ աղմուկ բարձրացավ, Փաշինյանն ու իր թիմը հայտնվեցին քննադատությունների կիզակետում, միայն դրանից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան ձևական այցեր կազմակերպելու սահմանամերձ դարձած համայնքներ՝ իբր ցույց տալու, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Իսկ շատ հաճախ իշխանություններն ընտրում են հասարակության համար ակնհայտ մտահոգիչ իրողությունները պարզապես հերքելու («լկտի ստի» սինդրոմ) և հանրությանը մանիպուլացնելու ճանապարհը, որը շարունակվում է մինչ այժմ։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները հրատապ անվտանգային խնդիրներով զբաղվելու փոխարեն քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով նոր թեմաներ են գցում դաշտ։
Կարծում ենք՝ թշնամին (որքան էլ Փաշինյանն ու իր թիմը այդպես չհամարեն) ևս զգում է, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել այս կատաստրոֆիկ վիճակից, տեսնում է, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը պարտությունից հետո բարոյալքված ու անկարող իրավիճակում հայտնվել։ Դրա համար էլ թշնամին, հաշվարկելով, որ իր քայլերը համապատասխան արձագանքի չեն արժանանա, ամեն անգամ փորձոմ է օգտվել առիթից ու տարբեր միջադեպեր ստեղծել, որոնց միջոցով իրենք կարող են արցախահայությանը նոր վախեր ներշնչել ու ստիպել, որ հեռանան։ Կասկած չկա, որ հենց այդ նպատակով է հակառակորդը քիչ-քիչ անցնում բացահայտ սպառնալիքների գործելակերպի։ Ադրբեջանցիները քարերով հարվածում են հումանիտար առաքելություն կատարող հայկական մեքենաներին, ողջ աշխարհի աչքի առաջ ոչնչացնում են հայկական եկեղեցիներն ու այլ մշակութային արժեքները, գողանում են սահմանամերձ դարձած մեր համայնքների բնակիչների անասունները և այդպես շարունակ։
Իսկ մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը զբաղված է հայության համար նորանոր սպառնալիքներ ստեղծելով, իշխանությունները զբաղված են կեղծ խաղաղասիրության քարոզներով և հայթուրքական բարեկամության գովերգմամբ՝ այդպիսով բթացնելով արտաքին վտանգների նկատմամբ հանրության զգոնությունը։ Ի վերջո, եթե իշխանությունն ի վիճակի չէ մեր պետական շահերից բխող համարժեք քայլեր ձեռնարկել հակառակորդի ախորժակը զսպելու նպատակով, ապա գոնե պետք է մերօրյա իշխանավորները գիտակցեն, որ լավագույն տարբերակն իրենց աթոռները զիջելն է կոմպետենտ մարդկանց, ովքեր իրենց գիտելիքներով և կապերով կարող են հակազդել թուրք-ադրբեջանական սպառնալիքներին։
Միևնույն է, այս բարոյալքված իշխանությունները, որոնք արդեն ասոցացվում են կապիտուլ յացիայի հետ, վաղ թե ուշ պետք է հեռանան, սակայն դա ինչքան շուտ լինի, այնքան պետության և հանրության օգուտն է։ Թե չէ արդեն 6 ամիս ժամանակ է անցել պատերազմից, սակայն այդպես էլ չենք կարողացել ուշքի գալ տեղի ունեցածից ու անընդհատ անիմաստ վատնում ենք մեր այդքան թանկագին ժամանակը, որն անհրաժեշտ է պետությունը հզորացնելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում