Ստի, կեղծիքի, դավաճանության ու հայրենադավության 3 տարիներ
АналитикаԵրեք տարի առաջ այս օրը Հանրապետության հրապարակում գցվում էին Հայաստանի և Արցախի կործանման հիմքերը:
Երեք տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց հասարակության մի հատվածի պահանջով, որը կարծում էր, թե Սերժին մերժելով հիմա բոլորն ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում: Բաբկեն Թունյանենց հարևան Պողոսին տարիներ շարունակ ասել էին, որ իրեն թալանում են, որ Արցախը բեռ է, որ մինչև հողերը չհանձնենք, լավ չենք ապրելու: Իհարկե, հետո Պողոսը հասկացավ, որ Սերժի ժամանակներում ինքն ավելի շատ բան ուներ, քան 3 տարի անց «փրկչի» օրոք:
2018թ.-ի ապրիլի 23-ին Հայաստանի ու Արցախի ամուր դարպասները ներսից բացվեցին թշնամու առաջ, ինչն արժեցավ մի ողջ սերնդի՝ 5000 զինվորի կյանք, հազարավոր խեղված ճակատագրեր, հայրենիքի 75 տոկոսի կորուստ:
3 տարի առաջ կասեցվեց Հայաստանի և հայ ժողովրդի ընթացքը, ավարտվեց ապագան և սկսվեց ռեկորդային կարճ ժամանակահատվածում կործանվելու ժամանակահատվածը: Արձանագրենք, որ մարդկության պատմությունը դեռ չի տեսել որևէ պետության և ժողովրդի այսքան գեղեցիկ փաթեթավորմամբ կործանում:
3 տարի առաջ պետական ամենաբարձր մակարդակով մեր կյանք ներխուժեց սուտը, կեղծիքը, դավաճանությունը, ազգային արժեքների պղծումը, հայրենադավությունը, ամբարտավանությունն ու մարտնչող տգիտությունը:
«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։ Սերժ Սարգսյանն այս խոսքերով հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Հայ ազգի զգալի մասը տոնախմբություն էր անում փողոցներում։ Ուղիղ երեք տարի հետո, կապիտուլյանտ պոպուլիստը, նրա քաղաքական անմեղսունակ թիմակիցները, աղանդավորները, ԼԳԲՏ-ները, գրանտակերները պիտի գրոհեին Եռաբլուրը, արյունոտ ծափեր հնչեցնեին Ազգային Ժողովում, ֆոտոսեսիաներ կազմակերպեին զինվորների գերեզմաններին, կազմաքանդեին բանակը, Եկեղեցին, ընտանիքը:
Սակայն ցավոք, երեք տարի պահանջվեց, որ Նիկոլի պոպուլիզմից մտածելու ընդունակությունը կորցրած զանգվածը, որը Երևանի փողոցներում խորովածի մանղալի շուրջ գրկախառնվում էր, հասկանա, թե իրականում ինչ տեղի ունեցավ իր հայրենիքի ու իր հետ։
Հասկացավ, բայց արդեն ուշ էր, որովհետև մենք թանկ գին վճարեցինք դրա համար:
Հայ ժողովուրդն իր ձեռքով, առանց երկար մտածելու քանդեց իր հաղթանակած պետականության հիմքերը։
Այսօր արդեն, հետհայացք նետելով, պարզ է դառնում՝ 2018թ. ապրիլի 23-ին մենք ոչ թե Սերժ Սարգսյանին ենք մերժել, այլ մերժել ենք հավաքական հայ ժողովրդի ապագան՝ անվտանգ ու ստեղծագործ կյանքով ապրելու հնարավորությունը։
Այսօր, 2021թ.ապրիլի 23-ին, «Նիկոլ վարչապետ»-ը դարձել է «Նիկոլ դավաճան»։ Սակայն այս գիտակցումը բոլորովին էլ չի մխիթարում, քանի որ սրա համար վճարած գինը չափել հնարավոր չի, սրա համար կորուստներն անդառնալի են:
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: