«Գրիգորիչը հանդուրժող, բարի, մեծ հումորի տեր և աղուհացի մարդ էր. նա երբեք չկորցրեց լավատեսությունը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի 75-րդ տարեդարձն է: Ծնվել է 1948 թ. Երևանում: 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ։ 1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում՝ որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն։ 1992-1996 թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
1995-2018 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2012 թվականից՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար։ 2014 թ. ապրիլի 29-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Գալուստ Սահակյանը մահացել է 2022 թ. դեկտեմբերի 18-ին: Առաջին ապրիլի 8-ն է, որն առանց նրա, բայց իր մասին վառ հիշողություններով է լցվում: Ավագ ու կրտսեր ընկերները նրան կարոտով են հիշում՝ խոսելով առաջին հերթին իմաստության, մարդ տեսակի, նրա ունեցած մեծ հումորի և հետո նաև պետական գործչի ունեցած ավանդի մասին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Գալուստ Սահակյանի մասին դժվար է խոսել անցյալ ժամանակով: «Առ այսօր էլ կուսակցության գրասենյակում այնպիսի տպավորություն է, որ Գրիգորիչը մեզ հետ է: Անգամ իր մահվանից հետո այդ ուժեղ, բարի, հայրենանվեր մարդու աուրան պահպանվում է: Բացի նրանից, որ Գրիգորիչը մեծ ներդրում ուներ Հայաստանի պետական, քաղաքական համակարգերի կայացման մեջ, նաև հրաշալի ավագ ընկեր էր, հրաշալի մարդ, որից հատկապես 2018-ից հետո ցավի հետ միաժամանակ հույսի, բարության և ուժի էներգիա էր ճառագում: Իր աշխատասենյակն ուսուցչանոց էր, որտեղ ինքը, որպես ռահվիրա, փորձում էր լավատեսության մթնոլորտ ստեղծել՝ մեր պայքարի հիմքում դնելով նաև գաղափարաբանական նոր հիմնավորումներ»,-նշեց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով, Գալուստ Սահակյանն իր համար թե՛ որպես մարդ, թե՛ որպես ավագ ընկեր ու քաղաքական գործիչ ասոցացվում է մարդկային և ազգային գաղափարների հետ: «Գալուստ Սահակյանն այն սերնդի ներկայացուցիչներից էր, որոնց ուսերին էր դրված պետականության վերաստեղծման բարդագույն ժամանակաշրջանը: Նրա համար անկախությունը, ազգային խնդիրները, հայկական Արցախը, Արցախի ինքնորոշման իրավունքը բացարձակ արժեքներ էին, ու մինչև իր կյանքի վերջին պահը նա հենց այդ գաղափարներով ապրեց: Նույնիսկ հիվանդության ծանր օրերին Գերմանիայից միշտ կապի մեջ էինք: Ու թեպետ դժվար էր իր համար, բայց ամեն ինչին հետևում էր, երբեք իր լավատեսությունը չկորցրեց այն հարցում, որ մենք հասնելու ենք մեր ազգային նպատակներին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Արմեն Աշոտյանն էլ մի դրվագ հիշեց. «Գալուստ Գրիգորիչի աշխատասենյակը դեմ դիմաց է կառավարության հետնամուտքի դարպասներին, որտեղից, ցավոք, մինչ օրս պարբերաբար օրվա մեջ մի քանի անգամ ելումուտ է անում Նիկոլ Փաշինյանը: Մի անգամ Գրիգորիչը խոստովանեց, որ իրենից մեծ զսպվածություն և հավասարակշռություն է պահանջվում ամեն օր պատուհանից տեսնել այն մարդուն, որի համառ ջանքերով քանդվում է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պետականությունը, այն մարդուն, որն այդքան զոհերի ու նսեմացման պատճառ դարձավ»: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն ընկերոջը բնութագրելու երկու հատկանիշ առանձնացրեց, որոնցից էլ, նրա խոսքով, բխում էին բնավորության մյուս գծերը:
«Շատ բարի և միաժամանակ իմաստուն մարդ էր: Նա բարի ու շատ հոգատար էր իրեն շրջապատող բոլոր մարդկանց նկատմամբ: Թեպետ մենք հասակակիցներ էինք, բայց նա բոլորի հանդեպ ավագ ընկերոջ հոգատարություն էր դրսևորում, ինչը դժվար էր չնկատել: Նա խորհրդային տարիներին էր աշխատանքային կարիերան սկսել, հետո անկախություն ունեցանք, Արցախյան ազատամարտ, նաև պետականության զարգացման փուլ: Նա այդ բոլոր ժամանակաշրջանների կիզակետում է եղել: Միգուցե շատերը չգիտեն, բայց խորհրդային տարիներին դպրոցի տնօրեն էր: Անգամ այդ տարիներին իր դպրոցում կար մի քաղաքականություն, ըստ որի՝ առաջնայինը ազգային տոները, ազգային հերոսների հիշատակը վառ պահելն էր»,- հիշում է Գ. Մինասյանը:
Գալուստ Սահակյանի ավագ ու կրտսեր ընկերների հիշողություններում նաև նրա բացառիկ ուշադրությունն էր բոլորի նկատմամբ: «Բավականին ծանր հիվանդությամբ տառապելով անգամ՝ էլի ժամանակ էր գտնում և իր գնահատականներն էր տալիս քաղաքական ելույթներին: Ինձ ասում էր՝ «այս մասը լավ ես ասել, բայց մյուս մասը ավելի լավ կլիներ այլկերպ ձևակերպեիր»: Այս հիշողություններն ինձ համար շատ թանկ են»,-հավելեց Գագիկ Մինասյանը: Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ Գ. Սահակյանը բոլորի հարցազրույցները նայում էր ու հետո անում իր դիտարկումները, մեկնաբանությունները, դիտողությունները: «Մարդկային հարաբերություններում էլ անզուգական, անհամեմատելի ջերմություն ու ձգողականություն ուներ, որի շնորհիվ իր հետ կարելի էր կիսվել նաև անձնական մտորումների ու հարցերի շուրջ»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Շարմազանովի խոսքով էլ՝ Գալուստ Սահակյանը դասական պառլամենտական գործիչ էր. «Նա մարդ էր, որի մեջ ատելություն չկար: Նա իր կյանքով ապացուցեց, որ կարելի է քաղաքական ընդդիմախոսների հետ ունենալ բարձր մարդկային հարաբերություններ: 1990-ականներից ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչն էր, 1995 թվականից՝ պատգամավոր, որն ունեցել է տարբեր քաղաքական հակառակորդներ, բայց նրանց հետ հարաբերություններում երբեք կարմիր գիծը չի տրորել ու չի անցել»: Շարմազանովը նաև Գ. Սահակյանի մեծ հումորի ու կամեցողության մասին նշեց՝ շեշտելով, որ իր օրը հենց Գրիգորիչի աշխատասենյակից էր սկսում:
«Երբ առավոտյան գնում էի աշխատանքի, առաջինը պետք է մտնեի Գրիգորիչի աշխատասենյակ, որտեղ տարբեր հարցերի շուրջ էինք զրուցում: Նաև բոլորի ընտանիքների անցուդարձին էր ծանոթ: Բոլորի երեխաներով էր ապրում, գիտեր՝ ում երեխան երբ քննություն տվեց, ավարտեց, չավարտեց, նշանվեց, ամուսնացավ:Պայծառ մարդ էր Գրիգորիչը ու ատել չգիտեր: Շատ էր սիրում Հայաստանը: Նաև ավագ սերնդի այն ներկայացուցիչներից էր, որը երիտասարդների համար ճանապարհ էր հարթում՝ փորձելով մտնել մեր դրության մեջ: Մենք միասին քննարկում էինք բոլոր հարցերը՝ ընկերականից մինչև քաղաքական, և այս իմաստով որևէ տաբու չկար: Մենք ամեն ինչ էինք քննարկում, կարող է լուծում չտար, բայց լսել գիտեր»,-պատմում է ՀՀԿ խոսնակը:
Այսօր Գալուստ Սահակյանը ֆիզիկապես ներկա չէ, բայց Շարմազանովի սովորությունը չի փոխվել: «Իմ ու իր սենյակները հարևանությամբ էին: Քանի որ մինչ իմ աշխատասենյակ մտնելը պետք է Գրիգորիչին տեսնեի, հիմա ենթագիտակցաբար էլի գնում եմ իր սենյակ, բացում ու տեսնում, որ դատարկություն է, ինչին դժվար է համակերպվել: Ինքն ամեն ինչում յուրահատուկ էր, ու չգիտեմ՝ երկրորդ Գրիգորիչ կլինի՞, թե՞ ոչ: Նման մարդկանց կարիքը մենք շատ ունենք: Գրիգորիչը հանդուրժող էր, մարդկային ու, ի վերջո, աղուհացի մարդ էր: Առհասարակ՝ լինի քաղաքական գործիչ, գիտնական, գեներալ, թե շարքային, կարևորը մարդն է: Նժդեհն ասում է՝ «նախ մարդ»: Գրիգորիչը հենց այդ «նախ մարդն» էր: Կարոտում ենք, դժվար է համակերպվել, որ Գրիգորիչը մեզ հետ չէ, բայց նա մեր հիշողությունների, մեր սրտի ու մեր պայքարի մեջ է»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում