Ամերիկյան երազանք. Միացյալ Նահանգներում բժիշկ-վիրաբույժ դառնալու ճանապարհին
Интервью«Ամերիկայի ձայնը» օրեր առաջ ռեպորտաժ էր պատրաստել Կալիֆոռնիայի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած օրինագծի մասին, որի ընդունման դեպքում Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Հայաստանում բժիշկ աշխատած մասնագետը, որն ունի ԱՄՆ քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք, կարող է Միացյալ Նահանգներում աշխատել բժշկի օգնական «Physician Assistant»: Այս օրինագիծը պետք է հաստատվի դաշնային կառավարության և նահանգի կողմից: Նշված փուլերն անցնելուց հետո այն կգործի 2025 թ.-ից: Այս ծրագիրը մեծ հնարավորություն կընձեռի բժիշկներին, քանի որ շատերը ԱՄՆ տեղափոխվելուց հետո քննության և կլինիկական օրդինատուր չգտնելու պատճառով կանգնում են փաստի առաջ և, ցավոք, ընտրում այլ մասնագիտություն: Սույն ծրագրի մշակման փուլում դիտարկել են նաև Վիկտոր Ֆանարջյանի կարծիքը, որպես Հայաստանից ԱՄՆ տեղափոխված բժշկի:
Դեռ տարիներ առաջ Past.am-ը զրուցել էր բժիշկ Վիկտոր Ֆանարջյանի հետ Հայաստանում: Մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժն առիթ դարձավ կապ հաստատելու 2019 թ.-ից Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Վիկտորի հետ: ԱՄՆ տեղափոխվելուց հետո բժիշկ Ֆանարջյանը և նրա ընտանիքը բազմաթիվ խնդիրների են բախվել, ինչպես յուրաքանչյուր ոք, ով փորձում է օտար երկրում ամուր ոտքի կանգնել: Նա ստիպված է եղել ամեն ինչ սկսել զրոյից: Սկզբնական շրջանում աշխատել որպես այգեպան, հետո բժշկի գրասենյակում ադմինիստրատիվ աշխատանք կատարել և քայլ առ քայլ առաջ ընթանալ: ԱՄՆ-ում սկսել է զրոյական կետից, որպեսզի ավելի խորքից հասկանա, թե ինչպես է աշխատում Միացյալ Նահանգների առողջապահական համակարգը:
«Ցավ եմ ապրել, որ, լինելով բժիշկ, ստիպված էի սկզբնական փուլում այգեպան աշխատել: Բայց գնում էի դեպի նպատակս: Աշխատանքին զուգահեռ կրթություն էի ստանում քոլեջում, ստացա լիցենզիա, որ կարողանամ ամենապարզ բժշկական միջամտությունը կատարել, օրինակ՝ երակից արյուն վերցնել, ներմկանային ներարկում կատարել»,-ասում է Վիկտորը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգներում, եթե ցանկանում ես բժիշկ դառնալ, պետք է ամեն ինչ զրոյից սովորել, քննություններ հանձնել, ընդունվել կլինիկական օրդինատուրա, բժշկի լիցենզիա ստանալ: Այս ընթացքում Վիկտորը հասցրել է «առաջնագծում» լինել: Սկսվել էր համավարակը: Նա չէր կարող ձեռքերը ծալած նստել, պետք է պիտանի լիներ համայնքին: Ստեղծում է քովիդի թեստավորման հավաքակայան, բաց տարածքում, քանի որ փակ տարածքներում օրենքն արգելում էր, և սկսում օրական 200-ից 300 հոգու թեստավորում կատարել:
«Դա մեծ ռիսկ էր առողջության համար, բայց չէի կարող տանը մնալ: Այս ամբողջ աշխատանքը կատարել եմ կամավորության սկզբունքով: Նույն շրջանում Արցախում պատերազմ սկսվեց: Հաստատված կապերի շնորհիվ կարողացա օգտակար լինել իմ հայրենիքին, անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ ուղարկեցի Հայաստան: Մարդկանց, համայնքին օգնելն ինձ համար առաջնային ու շատ կարևոր էր»:
Ծանրագույն օրերը Վիկտորը հաղթահարված է համարում և շարունակում ընթանալ դեպի իր գլխավոր նպատակը: Նա իրեն երբեք բժշկությունից դուրս չի պատկերացրել: Համավարակի շրջանից հետո, աշխատելով լրիվ դրույքով, իսկ գիշերները պարապմունքների մասնակցելով, Վիկտորը հավատարիմ մնաց բուժաշխատող դառնալու իր որոշմանը: Երեք տարի ջանասիրաբար նախապատրաստվելուց հետո հանձնել է համապատասխան քննությունը, 2023 թ.-ի փետրվարին ստացել բուժեղբոր «Registered Nurse» լիցենզիա և հիմա աշխատում է հոսփիսում:
Վիկտորը եզրափակում է մեր զրույցն այն հարցադրմամբ, որ գուցե շատերը զարմանան, թե ինչու Հայաստանում կայացած վիրաբույժն ԱՄՆ-ում չընտրեց միանգամից բժիշկ դառնալու ճանապարհը: Նշում է՝ բուժեղբայր աշխատելը նրան հնարավորություն է տվել ավելի խորքային ծանոթանալ ԱՄՆ-ի առողջապահական համակարգին, հասկանալ հոսպիսում իրենց կյանքի վերջին օրերն անցկացնող հիվանդների հոգեբանությունը, շրջապատել նրանց հոգատարությամբ: Ներկայումս նա նաև շարունակում է կրթությունը Միացյալ Նահանգներում՝ «United States University»-ում որպես «family nurse practitioner»՝ «ընտանեկան բուժեղբայր»։ Վերջնական նպատակը դառնալ բժիշկ-վիրաբույժ ԱՄՆ֊ում»: