«Թիթեռներ». դրական և ջերմ «անհավասարակշռությունների պար»
Մեր օրերում մշակութային դրսևորումները նոր մոտեցումների և վերաբերմուքների ձև են ստացել հայ հասարակության կողմից: Այսօր արվեստը նոր գույներով և շնչով է պատկերվում թե՛ այն գնահատող երիտասարդների, թե՛ երիտասարդ արվեստագետների կողմից: Արվեստը կոչված է կրթելու և դաստիարակելու մարդուն, և այդ դաստիարակությունը երբեք «ժամկետնանց» չի լինում:
Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել տաղանդավոր նկարիչ Արամ Դանիելյանի նկարներից «Թիթեռները»` ընդգծելով նկարչի գործերում նորարարության և ավանդականի հետաքրքիր համադրությունը` առանց որոնց նկարներն ուղղակի քարանում են՝ վերածվելով սառը, ճշգրիտ պատկերների:
Նկարչությունը հոգեկան ներաշխարհի այնպիսի մի արժեհամակարգ է, երբ անհատը դուրս է գալիս իրականության քառակուսուց, վազում անիրականի բոլոր հնարավոր և անհնարին, զգայական ճանապարհներով, ջնջում «արգելվածներին» և հետ վերադառնում... Այս հետդարձն է, որ ծնում է արվեստ:
Անցում կատարելով «Թիթեռներ»-ին` պետք է նշեմ, որ այդ կտավն ինձ անտարբեր չթողեց իր գույների և դասական հանգստություն պարգևելու կարողությամբ: Նկարը զուգահեռվում է կյանքի խելագար ընթացքի, շարժման, վազքի և «գունավոր կանգառների» ներդաշնակման հետ: Այստեղ գույների փիլիսոփայությունը սահմաններ է գցում իրականության և հոգեկան աշխարհի միջև՝ երգելով տաքություն և արև: Այս կտավում կենտրոնացվում են մեր ապրած կյանքի ձևերն ու գույները. այն դիտելիս հասկանում ես այդ երանգների ոչ թե գիտակցական, այլ ենթագիտակցական ազդեցությունը քեզ վրա:
Այն դրական և ջերմ «անհավասարակշռությունների պար» է... թիթեռներ, որոնք խոսում են մեր լաբիրինթոսային օրերի մասին, լաբիրինթոսային, բայց բարի, գույնզգույն և լուսավոր հավատով ներկված օրերի մասին...