Չկա որևէ ոլորտ, որտեղ գոնե առաջընթացի հույս լինի. Վարդան Հարությունյան
ՀասարակությունԻրավապաշտպան Վարդան Հարությունյանը սկսել է կասկածով վերաբերվել արտահերթ ընտրությունների մասին պահանջներին, քանի որ եթե մեկ-երկու ամիս առաջ թվում էր, թե Փաշինյանի հրաժարականը անխուսափելի է, ապա այսօրվա իրողությունները ճիշտ հակառակի մասին են խոսում: «Դատելով իշխանությունների ելույթներից,կատարվող քայլերից, ես բոլորովին չեմ զարմանա, որ իշխանությունը խոստանա, որ արտահաերթ ընտրություններ կիրականացնի, բայց՝ այդպես էլ չանի: Այդ ամենով հանդերձ, պետք է նկատել, որ իշխանությունները բոլոր ոլորտներում կա՛մ տապալում են գործընթացները, կա՛մ դրանք տեղից չեն շարժվում: Չկա որևէ ոլորտ, որտեղ գոնե առաջընթացի հույս լինի: Պատերազմի հասցրած հարվածից հետո հարկավոր է շատ իմաստուն քայլեր կատարել, սակայն այդ ամենը, ի սկզբանե, այս կառավարությունը չի ունեցել և հիմա էլ չունի: Ուստի, պարզ է, որ նման հարվածից հետո պետք է իր գլուխը կորցներ և ակնհայտ է, որ կորցրել է և չի կարողանում ռեալ քայլեր իրականացնել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հարությունյանը: Ըստ իրավապաշտպանի՝ ներկա իշխանությունը ունակ է միայն պոպուլիստական ելույթներ, քայլեր իրականացնել, սակայն ստեղծված իրավիճակում լուրջ քայլեր իրականացնել ևս չի կարող: Այս ամենն, այնուամենայնիվ, ինչով կավարտվի, Վ.Հարությունյանը դժվարացավ կանխատեսել, բայց, որ ներկա իշխանությունների վարկանիշը գնալով կվազի, ըստ նրա՝ միանշանակ է: «Ընդհանրապես փողոցով իշխանության եկած բոլոր իշխանություններին է հատուկ պոպուլիզմը, նայեք Ուկրաինայի, այլ երկների փորձերը, սակայն հաջողում են այն ուժերը, որոնք իշխանության գալուց հետո մի կողմ են դնում պոպուլիսմը և սկսում են ռեալ քայլեր իրականացնել: Մենք տեսանք, որ Փաշինյանի կառավարությունը հարմարվեց Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումին և այդպես էլ որևէ լուրջ փոփոխություն չիրականացրեց: Հիմա առավել ևս չի կարողանալու իրականացնել, սակայն կլինեն արտահերթ ընտրություններ, թե՝ ոչ, դժվարանում եմ կանխատեսել»,- ասաց Վ. Հարությունյանը:
Արմինե Գրիգորյան