ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 8,8 տոկոսով
ЭкономикаՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.8 տոկոսով կամ 31.1 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, պետական բյուջեի եկամուտների 94.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.4%-ը` այլ եկամուտների, 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2017 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 363.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 66%-ով ապահովելով կիսամյակային ծրագիրը: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10.6%‑ով կամ շուրջ 34.9 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, եկամտային հարկի,ակցիզային հարկի, շահութահարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ,իսկ պետական տուրքի գծով՝ նվազում: