«Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանում գործող մի շարք առևտրի կետերում քաղաքացիները հացի գնի թանկացում են արձանագրել: Խոսքը 10 դրամով թանկացման մասին է, տեղեկություններ կան նաև ընդհանրապես հացաբուլկեղենի թանկացման վերաբերյալ: Պատճառը, ըստ վաճառողների, ալ յուրի թանկացումն է: «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հացի գնի թանկացումը բնական գործընթաց է համարում:
«Բնական ասվածը, իհարկե, չակերտների մեջ: Եթե տնտեսական ցուցանիշները չեն աճում, ապա դրանք պետք է արտահայտվեն նման հանգամանքներով»,–մեզ հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով առհասարակ հացի շուկայում առկա իրավիճակին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ թե՛ թանկացումները, թե՛ շուկայում առկա այլ խնդիրները պայմանավորված են նրանով, որ վերահսկողություն չկա:
«Գոյություն ունի օրենք և օրենքի պահանջ, ըստ որի գնապիտակը պետք է ունենա տվյալ ապրանքի անունը, քաշը, գինը և վաճառող կազմակերպության կնիքը: Եթե հացի վրա գրվում է գինը, բայց չի գրվում քաշը, ապա դա կոչվում է աճպարարություն: Դա, մեծ հաշվով, խաբեություն է: Մենք հիմա տեսնում ենք գինը, վճարում 150 կամ 200 դրամ, բայց վստահ չենք, թե ինչ քաշի հաց ենք գնում: Եվ հացի քաշը քիչ–քիչ պակասեցնում են: Նոմինալ իմաստով բան չի փոխվում, բայց բովանդակային առումով քաշը պակասում է: Եվ ամենազավեշտալին այն է, որ քիչ– քիչ են պակասեցնում՝ 7–8 գրամով: Չկա նման կշեռք, որն այդ 7–8 գրամի տարբերությունը չափի: Այդպիսի կշեռք կա միայն լաբորատորիայում»,–ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ այդ հարցով բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ նաև այլ մարմինների:
«Մեծ հաշվով՝ կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում: Եվ խոսքը միայն հացի մասին չէ: Օրինակ են շաքարի մեջ առկա շաքարի տոկոսի, կարագի մեջ յուղայնության տոկոսի հարցերը: Այդ բոլոր «պարամետրերը», ի վերջո, սպառողի գրպանն են մտնում: Օրինակ, նույն շաքարի տոկոսը կամ խոնավության տոկոսը վաղուց չափել ենք մենք, հրապարակել: Մենք ուսումնասիրելու, արդյունքները հրապարակելու բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունենք, բայց չունենք միայն մեկ իրավունք՝ խանութից պահանջել հաշիվ ապրանքագիր, որպեսզի իրական քաշը համեմատենք հաշիվ ապրանքագրի մեջ եղած թվի հետ»,– ասաց նա՝ շեշտելով, որ այդ հարցով դեռ նախորդ ՊԵԿ ղեկավարությանն են դիմել, հիմա խնդրի մասին ևս բարձրաձայնում են:
«Ես մի բան գիտեմ, որ մեզ մոտ տեղում արտադրվում է հացի 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը ներկրվում է»,–ասաց նա՝ հավելելով, որ հրավիրում է բոլոր մարմինների ուշադրությունը, որոնց թվում նաև դատախազությունն է:
«Ինձ չի հետաքրքրում պատիժը, ինձ հետաքրքրում է իրավիճակի շտկումը: Բայց բոլոր մարմինները, կարծես, իրենցից հեռացնում են այս շուկային առնչվող խնդիրը: Երբ խոսում եմ ՏՄՊՊՀ–ի հետ, ասում են՝ մենք մրցակցության չարաշահումներով ենք զբաղվում, իսկ հացի հարցում չկա գերատեսչություն, որովհետև հացը վաճառում են հազարավոր հիմնարկներ: Բայց մի տեղից է, չէ, գալի՞ս, դա մի շղթա է, մի տեղից գալիս է ու բաշխվում հանրապետությունով մեկ: Տնտեսական մրցակցության հարցն առաջնային է: Եթե ես հացի կամ ցորենի 90 տոկոսը ներկրում եմ, ի՞նչ նշանակություն ունի, որ խանութները տարբեր են: Հացի վաճառողներից գումարը հավաքվում և վերադառնում է նույն կետին, որը կոչվում է ներկրող»,–նշեց Ա. Պողոսյանը
Նա շեշտեց՝ մարդը հաց է գնում, իրեն թվում է, թե հաց է գնում, բայց 30 տոկոսով օդ է գնում:
«Այնպիսի տեխնոլոգիական հնարքներ են կիրառում, որ հացը մեծ երևա, բայց քաշը պակասի: Ստացվում է, որ ապրանքը մենք ամբողջությամբ և լիարժեք չենք ստանում:
Ընդհանուր առմամբ՝ թե՛ այս և թե՛ այլ շուկաների հարցերը լուծելու բանալին վաղուց է գտնված: Դա պետական և հասարակական կառույցների համատեղ աշխատանքն է: Մեր մասնակցությունը միայն օգուտ կբերի, բայց այդ համատեղ աշխատանքը չկա: Եթե ես միայն թերթից եմ իմանում այն մասին, որ այս կամ այն ձեռնարկությունը տուգանվել է, ուրեմն՝ հասարակական թևը հավասար է չլինելուն: Հ/կ–ներն ու մամուլը ևս պետք է մասնակից լինեն պատասխանատու մարմինների գործողություններին: Եթե չեն մասնակցում, արժեքը կորում է: Ի դեպ՝ ոչ ոք անսխալ չէ: Բայց հիմա իրենք այդքան անսխա՞լ են, որ մեր կարծիքը կարևոր չէ նրանց համար: Հայաստանում 8 ու կես հատ սպառողների միություն կա, և իրենց աշխատանքը չի երևում: Մեր խոսքն անհրաժեշտ արձագանք չի ստանում»,–եզրափակեց Ա. Պողոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում