Արայիկ Հարությունյանի կոշտ հայտարարությունը
ИнтервьюԱյսօր առավոտյան տվյալներով Արցախում համեմատաբար հանգիստ է, բայց հարց է՝ ինչքանով է այդ հանգսիտը շարունակվելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կարող ենք ասել, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում՝ հաշվի առնելով գիշերվա ընթացքում խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունը։ «Ներկայում բնակավայրերի վրա հրթիռակոծություն ու հրետակոծություն չի կատարվում, առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, պայքար է։ Բայց այս փուլում, չգիտեմ՝ ինչպես է զարգանալու օրը»,- ասաց նա։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ երեկ արձանագրեցինք, որ հրադադար չի եղել, այսօր դեռ հանգիստ է։ «Դեռ վերջնական չեմ ուզում ասել արդեն ձևավորված կոալիցիայի՝ ահաբեկիչների, Թուրքիայի ու Ադրբեջանի վերաբերմունքն ինչպիսին է լինելու։ Ինչքանով են հարգելու Ռուսաստանի միջնորդությունը, ինչքանով են հարգելու միջազգային կառույցների կոչը, հայտարարությունները և գնալ կրակի դադարեցման՝ առաջին հերթին հումանիտար խնդիրների լուծման, հետո արդեն բանակցությունների համար։ Եթե դա չլինի, հերթական ապացույցն է, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված են շատ ավելի ծանր, մարդկությանը սպառնացող վտանգներ։ Իսկ եթե առաջիկա մեկ-երկու օրերին չլինի Արդբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու, ես դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին։ Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միաջազգային իրավունքները։ Եվ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին։ Այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Պետք է նրանց ցուցակագրել, և այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է ճանաչեն իրենց իշխանությունների վարքագիծը։ Եվ այդ բոլոր իշխանություները պետք է պատասխան տան մարդկության առաջ»,- նշեց նա։ Եթե հրադադարի պայմանավորվածությունը, որի պայմանավարվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով, չպահպանվի, ըստ Արայիկ Հարությունյանի, սա նշանակում է, որ Ադրբեջանը ծանր ու երկարատև կորուստներ ունենալուց հետո արդեն ստիպված զինադադարի կամ հրադադարի պայմանները միայն այդ դեպքում կարող է ընդունել։ Ըստ նրա՝ հայկական կողմը խաղաղության կողմնակից է, աշխարհում ամենաշատը խաղաղություն ուզում են արցախցիները։ «Բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, հազարամյա մշակույթն ու պատմությունը։ Ես հայտարարելու եմ հայրենական պատերազմ և կոչ եմ անելու բոլոր հայերին ոչ միայն նյութական, այլ նաև ֆիզիկական մասնակցության։ Ուզո՞ւմ են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։