Կրթության ոլորտը ԱԱՀ-ով հարկելը բյուջեի խնդիրները չի կարողանա լուծել
Аналитика2021-ի հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է առողջապահական և կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գործընթաց, որը կազմում է 20 %:
Ավելի վաղ Orer.am-ի հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով որոշման հետևանքով առաջացած ռիսկերին նշել էր, որ դրա ընդունումից հետո վերոնշյալ ուղղություններով ծառայությունները, բնականաբար, կթանկանան 20 %-ի չափով, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ կառաջացնի թե՛ ծառայությունների մատուցման և թե՛ հարկերի հավաքագրման առումներով:
Խոսելով կրթության ոլորտի հնարավոր ռիսկերիմասին, «Աուդիտորների պալատի» նախագահի կարծիքով՝ այստեղ առկա խնդիրները կարող են հանգեցնել հասարակության դեգրադացմանը:
Կրթության ոլորտի մասնագետնրի կարծիքով ԱԱՀ-ի կիրառումը մի շարք լուրջ վտանգներ կառաջացնի:
Կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը այս նախաձեռնությամբ փորձել է խիստ տեխնիկական մոտեցում ցուցաբերել այս հարցին, առանց խորությամբ ուսումնասիրելու, թե դրանք ինչ հետևանքների առջև կարող են կանգնեցնել հասարակությունն ու տնտեսվարողներին:
«Բնական է, որ ԱԱՀ- ի կիրառումը թանկացնելու է այդ ծառայությունները, բայց խնդիրն ավելի շատ կոնցեպտուալ բնույթ ունի: Նախ հարկավոր է հասկանալ, թե կրթության վրա ծախսվող գումարները որպես ծախս պետք է դիտարկել, թե՞ որպես ներդրում: Եվ, եթե ներդրում են, ապա արդյո՞ք ներդրումները պետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այս ոլորտները նման հարկատեսակով հարկելը բյուջեի խնդիրները չի կարողանա լուծել, քանի որ հատկապես կրթության ոլորտից սպասվող մուտքերը այնքան չեն լինի, որքան ակնկալվում է: Ինչ վերաբերում է պետական ուսումնական հաստատություններին, ապա այդ հարկի չափով բյուջեի ծախսերը կավելանան կհայտարարվի, որ կրթության ծախսերն ավելանում են, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվի, այլ ընդամենը ծախսերը կուռճացվեն: Ինչ վերաբերում է քանակական և որակական առումներին, ապա ոչինչ էլ տեղի չի ունենա»,- ասաց Ա. Քյուրումյանը:
Ըստ փորձագետի, դա նաև աղետալի հետևանքներ կունենա միջին մասնագիտական և բարձրագույն կրթության վրա, քանի որ եթե այդ ուղղություններով ծառայությունների մատուցման գները բարձրացվեն, ապա դժվար է պատկերացնել, թե բնակչության որ տոկոսի համար այն հասանելի կլինի:
«Առանց այն էլ շրջանավարտների թվերն աստիճանաբար նվազում են, և հասկանալի չէ, թե դրա արդյունքում ինչքանով կնվազի մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը: Կվտնագվի նաև այն կառույցների աշխատանքը, որոնք սեփական կադրային բազան ստեղծելու համար ֆինանսավորում էին մասնագիտական ուսուցման համար: Բացի այդ, արտերկրից մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Հայաստան ժամանողների թիվը կարող է կրճատվել, ինչը ևս մտահոգությունների տեղիք է տալիս»,- ասաց Ա. Քյուրումյանը:
Փորձագետի կարծիքով հարկավոր է հարցը վերլուծել արդյունավետություն-նպատակ տեսանկյուններից: Բացի այդ, արդեն հինգ տարի Հայաստանը չունենալով կրթության զարգացման ծրագիր պետք է որպես առաջնային խնդիր դիտարկեր կրթության որակի բարձրացման խնդիրը, իսկ հարկման հարցը պետք է թողներ հետագային: