«Կշռաքարերի» (միջանցքների) հարցը՝ օդում կախված. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է ականապատ դաշտերի ունեցած բոլոր քարտեզները իր հետ տանել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, և Ադրբեջանի նախագահին կոչ է արել իր հետ բերել բոլոր գերիներին: Դրան նախորդել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ և խոստանում է «ադեկվատ պատասխան», եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները։
«Մեր պահանջն այն է, որ Հայաստանը մեզ փոխանցի հստակ քարտեզներ, որոնց վրա նշված կլինեն բացարձակ բոլոր ականապատ վայրերը։ Եթե նրանք բարի կամք դրսևորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան»,-ասել է նա։
Այս ամենից որոշակի հարցեր են ծագում: Առաջին հերթին արդյո՞ք ականապատ դաշտերի քարտեզների տրամադրմանը Ալիևի «ադեկվատ պատասխանը» ենթադրում է հայ ռազմագերիների վերադարձ, ընդ որում՝ բոլոր ռազմագերիների: Բանն այն է, որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, կան «օրենքներով դատված հանցագործներ»: Իհարկե, այստեղ հնարավոր է այդ մարդկանց էքստրադիցիա իրականացնել՝ հետագա պատիժը Հայաստանում կրելու համար, թեպետ նրանք, անշուշտ, հենց ռազմագերիներ են:
Կարևորը՝ նրանք վերադառնան: Աստված տա այդպես լինի: Չնայած, կրկնենք, անհայտ է Ալիևի «ադեկվատ պատասխանի» բովանդակությունը: Երկրորդ հերթին՝ արդյո՞ք Հայաստանը ունի Ալիևի նշած «ականապատ դաշտերի այն հստակ քարտեզները, որոնց վրա նշված են բացարձակ բոլոր ականապատ վայրերը»: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, և չի էլ կարող ունենալ: Բանն այն է, որ Հայաստանը չի կարող ունենալ 1992-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմի ընթացքի բոլոր ականապատումների քարտեզները, քանի որ առաջին հերթին այն ժամանակ ականապատումները հիմնականում անկանոն էին, հաճախ առանց քարտեզագրման, իսկ երկրորդ հերթին՝ անվտանգության գոտու տարածքը այն ժամանակ եղել է առաջնագիծ, և այնտեղ ականապատում է իրականացրել ինչպես հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը, ընդ որում՝ վերջինս ավելի շատ:
Սա նշանակում է, որ ներկայումս այդ տարածքներում ադրբեջանցիները հաճախ պայթում են հենց իրենց ականների վրա, ընդ որում՝ իրենք էլ չունեն իրենց ականապատած տարածքների քարտեզները: Եվ Ալիևը դա հստակ գիտի: Այսինքն, նա ի սկզբանե դրել է անիրագործելի նախապայման: Այնուամենայնիվ, հույս ունենանք, որ կլինի բոլոր գերիների, կամ գոնե որոշակի քանակի փոխանակում Փաշինյանի ունեցած ականապատ դաշտերի քարտեզների հետ: Ծագող երրորդ հարցը ոչ պակաս հետաքրքիր է: Ինչո՞ւ է Ալիևը այդքան «բարիացել»: Հիշո՞ւմ եք Իլֆի ու Պետրովի «Ոսկե հորթ»-ում Շուրա Բալագանովի մահախոսականը Պանիկովսկու գերեզմանին. «Միջազգային իրադրությունը…
Չեմբեռլենին մեր պատասխանը… Իսկ ես նրան ծեծեցի կշռաքարերի համար»: Հիմա Ալիևի համար միջազգային իրադրությունն այն չէ… «Չեմբեռլենին» էլ պատասխանել է պետք, չհաշված, որ «կշռաքարերի» (միջանցքների) հարցն էլ դեռ օդում է կախված… Միջազգային մամուլը թմբկահարում է Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, Իրանը աննախադեպ զորավարժություններ է սկսել սահմանին, ԵԱՀԿ Մինսկի խումբն է ակտիվացել, բանաձևեր են ընդունվում և այլն: Այսինքն, քանի դեռ Հայաստանը հետպատերազմյան թմբիրի մեջ է, և վարչապետ է Նիկոլ Փաշինյանը, պետք է ավարտել ամեն ինչ՝ անգամ որոշակի փոքրիկ զիջումներով: Ահա այսպիսի իրավիճակ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում