Ինչպես «Կարմիր Մոսկվան» գերեց ֆրանսիացիներին․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
«Կարմիր Մոսկվա» օծանելիքը ժամանակին հանդիսացել է ԽՍՀՄ-ի «գլխավոր» օծանելիքը: Ընդ որում, մասնագետների ու պարֆյումի իսկական գնահատողների կարծիքով, այն բոլորովին էլ չի զիջել ֆրանսիական օծանելիքներին իր յուրահատկությամբ ու նուրբ հոտով: Եվ այն, որ «Կարմիր Մոսկվա» օծաջրով հպարտանում էին ԽՍՀՄ-ում, բոլորովին էլ այն պատճառով չէ, որ ԽՍՀՄ-ում պարզապես չկար այլ օծանելիք: Ուղղակի իրականում այն դարձել էր իրոք պաշտպամունքի առարկա և ոչ իզուր: Ըստ «Կարմիր Մոսկվայի» պաշտոնական բնութագրման, «դուխին պարունակում է ավելի քան 60 բաղադրիչ և ունի նուրբ, տաք, ազնվական բուրմունք՝ ֆլերդօրանժի (ծաղկի տեսակ) նրբերանգով»:
Ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանի այցեքարտ հանդիսացող այդ բույրը արդեն 100 տարեկանից էլ մեծ է և իրականում սկզբում ունեցել է լրիվ այլ անվանում՝ «Թագուհու այգի» կամ «Թագուհու սիրելի ծաղկեփունջ»: «Կարմիր Մոսկվա» օծանելիքի պատմությունը սկսվում է 1913 թվականից: Այն արտադրվել է 1861 թվականին ֆրանսիացի Հենրիխ Բրոկարի կողմից Մոսկվայում հիմնադրված «Բրոկարի կայսրություն» գործարանում: 1913 թվականին Ռոմանովների տոհմի 300-ամյակի կապակցությամբ էլ հայտնվել է «ֆրանսիացի սապնագործի որդի» Ավգուստ Միշելի կողմից ստեղծված «Թագուհու այգի» դուխին՝ որպես թագուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվեր:
Ըստ մի վարկածի, որպես հիմք վերցվել է 1905 թվականի ֆրանսիական L’Origan Coty օծանելիքը: Հենց «Թագուհու այգի» օծանելիքով էլ սկսվել է ոչ միայն «Կարմիր Մոսկվայի» պատմությունը, այլ նաև օծանելիքի համաշխարհային պատմության մեջ ռուսական օծանելիքի էջի բացումը: Հետագայում թագուհու այցը Մոսկվա և նրա հանդիպումը իր սիրելի օծանելիքի ստեղծողների հետ որոշել է ինչպես գործարանի, այնպես էլ «Թագուհու այգու» հետագա ճակատագիրը: Նոր օծանելիքը իրարանցում է առաջացրել կանանց շրջանում սկզբից՝ Մոսկվայում, հետո՝ ամբողջ Ռուսաստանում, որից հետո էլ՝ Եվրոպայում: «Ցարական» օծանելիքն սկսել են արտահանել, իսկ նրբաճաշակ ֆրանսուհիները «վազել» են այդ բույրի հետևից, որը պարզապես ցնցել է ֆրանսիացիներին:
Հեղափոխությունից հետո Ռուսաստանում հայտնված նոր մարդիկ ցանկացել են կառուցել նոր աշխարհ, որն էլ փոփոխություններ է մտցրել «ցարական» օծանելիքի պատմության մեջ: 1922 թվականին «Բրոկարի կայսրություն» գործարանը վերանվանվել է «Նոր արշալույս», իսկ 1925 թվականին «Թագուհու այգի» դուխին վերանվանվել է «Կարմիր Մոսկվա»:
Ի երջանկություն բոլորի, այդ փոփոխությունները ազդել են միայն անունների վրա, իսկ օծանելիքի բաղադրությունը չի փոփոխվել, քանի որ գործարանում շարունակել են աշխատել հին կադրերը, քանի որ բոլ շևիկների մեջ պարֆյումերներ չեն եղել: Փաստացի, այդ օծանելիքի բույրը այնքան խորն ու գրավիչ է եղել, որ այն ավելի ուժեղ է գտնվել, քան ցանկացած հեղափոխություն, հեղաշրջում և պատերազմ: Ժամանակի ընթացքում փոփոխվել է միայն «Կարմիր Մոսկվայի» փաթեթավորումը և գույնը՝ կարմիր-սպիտակ, որը անփոփոխ էր 1925 թվականից: «Թագուհու այգին» անցել է հարյուրամյա ճանապարհ և փաստացի դարձել անմահ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում