Երբ «ժողովրդի վստահության» հողը փախչում է իշխանությունների ոտքերի տակից. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ժողովրդավարական համակարգերում անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդի կամարտահայտությունը։ Ու պատահական չէ, որ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա՝ իրավական տեսակետից: Սակայն այլ հարց է ժողովրդի կողմից «վերահասցեավորված» իշխանության չարաշահումը։ Օրինակ՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդի իշխանություն է հաստատված, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդի անունը միայն շահարկվում է։ Երեք տարվա ընթացքում Փաշինյանն անում էր ամենը, ինչ փչում էր իր խելքին, ինչ ուզում էր։
Օրինակ՝ նախաձեռնում էր դատարանների շրջափակում, ԱԺ-ի ու ՍԴ-ի վրա ճնշումներ, ընդդիմադիրների անօրինական ձերբակալություններ ու կալանավորումներ և այլն։ Ու այս ամենը նա ներկայացնում էր որպես ժողովրդի ցանկություն։ Իսկ տրամաբանությունը հետևյալն էր. ժողովուրդն իրեն իշխանություն է տվել, պատվիրակել է կատարել պետության կառավարման գործառույթները, հետևաբար իրենք գործում են ժողովրդի անունից։ Այսինքն՝ շահարկելով իբր «ժողովրդի ցանկությունները»՝ այս իշխանությունները բացառապես առաջ էին տանում միայն սեփական շահերը։ Իսկ երկրի ու հանրության կենսական շահերին վերաբերող հարցերում քաղաքացիները որևէ գաղափար չունեին, թե իշխանություններն ինչ քայլեր են նախատեսում և ինչ պայմանավորվածությունների են եկել։
Դրա համար էլ հանրությունն անտեղյակ էր Արցախի շուրջ բանակցային գործընթացում և պատերազմի ընթացքում ուժերի ինչպիսի հարաբերակցություն և պայմանավորվածությունների համակարգ է գործում։ Չէ՞ որ Փաշինյանն էր հայտարարում, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Արդյունքները եղան սարսափելի: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը առավել արմատավորեց ժողովրդից մանդատ ստանալու կամ «պողպատե մանդատի» գաղափարը, որը խորհրդանշում է նաև ցանկացած քայլի գնալու հավանականությունը, քանի որ «ժողովրդական աջակցություն» ունեն:
Բայց ժամանակն ակնհայտ է դարձնում, որ այս իշխանություններն ընդունակ չեն պաշտպանել սեփական ժողովրդի շահերը, իսկ նշյալ «աջակցությունն» ընդամենը միֆ է, որը ձևավորվել է շատ կասկածելի ընտրությունների արդյունքում։ Իսկ հանրության շրջանում տրամադրությունների՝ իրականությանն առավել մոտ պատկերն արտահայտվեց ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Ուշագրավ է, որ տեղական ընտրությունների ժամանակ իշխանությունները գործի դրեցին հնարավոր ու անհնար ճնշման գործիքներն ու վարչական ռեսուրսները, սակայն նույնիսկ այս պարագայում իշխող ՔՊ-ն պարտվեց բազմաթիվ խոշոր համայնքներում։
Եթե դիտարկում ենք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ապա իշխող քաղաքական ուժի օգտին է քվեարկել ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մոտավորապես 19 տոկոսը: Սա ՔՊ-ի համար գուժում է վարկանիշի վերջնական ու անվերադարձ անկման մասին։ Այսպիսով, վերջնականապես պայթում է այն «փուչիկը», թե Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը, թե սա «ժողովրդի կառավարություն» է։
Իրականում իշխող քաղաքական ուժը բնակչության մեծամասնության կողմից այլևս չունի աջակցություն, և Փաշինյանը չի կարող սեփական ցանկությունները ներկայացնել որպես ժողովրդի պահանջ ու թաքնվել դրա հետևում։ Այս իրողությունը ոչ միայն անհանգստացնում է ՔՊ-ականներին, այլև ակնհայտ հոգեխանգարմունքի է հասցնում, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ իրենց իշխանությունը ցնցվում է, և հեռու չէ այն պահը, երբ որ կընկնեն իրենց աթոռներից։ Իսկ կորցնելու շատ բան ունեն... Հնարավոր է՝ հենց այդպիսի ջղաձգումների արդյունքում է, որ պառլամենտական երկրի խորհրդարան են ներմուծվում խուլիգանության և քրեական ենթամշակույթին բնորոշ տարրեր։ Այլ կերպ չես անվանի «քայլողների» պահվածքը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում