Ֆրանսիայի խաղարկային պարտիան և հայկական ֆակտորը
АналитикаԻնչպես հայտնի է օրերս Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Էմանուել Մակրոնի թերևս գլխավոր հավակնորդ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վալերի Պեկրեսը ժամանել էր Հայաստան։ Հավելենք, որ Պեկրեսն իր այցի շրջանակում մեկնել էր նաև Արցախ ինչն, իհարկե, արժանացավ հայկական մեծ ուշադրության և դիտարկումների առիթ հանդիսացավ: Ընդ որում, տեղի ունեցածը՝ հատկապես Արցախի մասով, իհարկե, ուներ այդ դիտարկումների, գնահատականների անհրաժեշտություն և նշանակություն:
Ըստ ամենայնի՝ այդ ամենում շատ կարևոր է չանցնել ռացիոնալության և սառնասրտության սահմանը, որովհետև պետք է հասկանալ թերևս մի բան, որ Պեկրեսը գործել է Ֆրանսիայի Հանրապետական և ավելի լայն իմաստով ֆրանսիական քաղաքականության համատեքստում, այլ ոչ ի սեր հայության կամ Հայաստանի ու Արցախի: Ընդ որում, դա ամենևին Պեկրեսի վատ բնութագրական կամ անցանկալի բնութագրական չէ, այլ հակառակը՝ նա ֆրանսիացի քաղաքական գործիչ է, հետևաբար նա պարտք է Ֆրանսիային, ոչ թե որևէ այլ երկրի:
Պարզ է, որ Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական օրգանիզմի պարտքն է դիտարկել այդ ամենում հայկական շահերի հնարավորությունները, ըստ այդմ չտրվել իռացիոնալ, հաճախ ռոմանտիկ սպասումների: Ակնհայտ է, որ մեզ համար ցանկալի է ինքնին այն վիճակը, երբ Ֆրանսիայի նախագահի ընտրությանը հաղթանակի համար հիմնական պայքարը կլինի Մակրոնի և Պեկրեսի միջև: Ընդ որում, սա ցանկալի է ոչ թե Պեկրեսի Արցախ այցից հետո, կամ ոչ էլ Մակրոնի հայերեն գրառումների համար: Սա ցանկալի է մի շարք քաղաքական գործոնների համադրությամբ հաշվարկով, որ առկա են Ֆրանսիայի միջազգային քաղաքականության և հայ-ֆրանսիական հարաբերության, այդ թվում Ֆրանսիայի հայկական համայնքի դերակատարման իմաստով:
Փաստն այն է, որ հայ-ֆրանսիական հարաբերության տիրույթում առանցքային իրադարձությունը, որ տեղի ունեցավ և որն իր ներուժով ու նաև քաղաքական նշանակությամբ կարող է լինել հիմնարար շաբաթներ առաջ Փարիզում ստորագրված հայ-տնտեսական հարաբերության ճանապարհային քարտեզի մասին համաձայնագիրն է, որ Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների հանդիպման շրջանակում ստորագրեցին Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտգործնախարարության Գլխավոր քարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:
Ըստ էության, սա է հայ-ֆրանսիական հարաբերության զարգացման չափման առանցքը, անկախ, թե ով կլինի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, տարածաշրջանային քաղաքականությունը խոշոր հաշվով չի ենթարկվելու հիմնարար փոփոխության և այդ իմաստով նշանակություն չի ունենալու նախագահի երբևէ Արցախ այցելած լինելու կամ չլինելու հանգամանքը:
Արթուր Սարգսյան