Հայ հանրության քողարկված լատենտությունը
АналитикаՀավանաբար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ բոլորիս աչքի առաջ 2018 թվականի իրադարձություններից հետո Հայաստանում շատերը դարձան, այսպես կոչված, «նիկոլականներ»։ Այն ժամանակ դա մոդայիկ էր և հնարավորություն էր տալիս որևէ կերպ խցկվել նոր ձևավորվող իշխանության կազմում։ Ի դեպ՝ «նիկոլականների» թվին սկսեցին դասվել այնպիսի կարկառուններ, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում հլու-հնազանդ ծառայել էին «նախկիններին»։
Ինչևէ, խցկվողները տեղավորվեցին, իսկ բոլոր դուրս մնացածները շարունակեցին «նիկոլականության» ամենատարբեր դրսևորումները՝ կրկին խցկվելու հեռանկարով։ Այդպես դիրքավորվողների մեջ մեծ թիվ էին կազմում ու շարունակում են կազմել, այսպես կոչված, էլիտաների ներկայացուցիչները, մտավորականության որոշակի շերտ, իրենց հասարակ քաղաքացիներից վեր դասողները։
Անցավ որոշակի ժամանակ. Արցախյան վերջին պատերազմը Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա դավաճանի, հող հանձնողի խարան դաջեց, և դրանից հետո «նիկոլականությունը» դարձավ պակաս մոդայիկ։ Սակայն, քանի որ նույն Փաշինյանի մեղքով պատերազմի բերած արհավիրքից հետո հանրային-քաղաքական կյանքում պահանջվում է, այդուհանդերձ, դիրքորոշում ունենալ, նախկին նիկոլականներից շատերը դարձան, ինչպես իրենք են ասում՝ «ոչմիբանական»։ Այս դիրքավորման իմաստն այն է, համենայն դեպս դրա կրողներն են այդպես ներկայացնում, որ իրենք դեմ են Նիկոլին ու նրա իշխանությանը, բայց քանի որ դեմ են նաև այդ իշխանության դեմ պայքարողներին, գերադասում են հանդես գալ՝ որպես «ոչմիբանական»։
Սակայն իրական փաստն այն է, որ գրեթե բոլոր նման կերպ դիրքավորվողները բովանդակային հարթությունում սպասարկում են նույն Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանության շահերը, որովհետև այն ամենից հետո, ինչ Արցախի ու Հայաստանի հետ պատահել է այդ իշխանության մեղքով, լինել «ոչմիբանական», այսինքն՝ չունենալ հստակ հակաիշխանական դիրքորոշում, նշանակում է՝ մեծագույն աջակցություն ցուցաբերել նույն այդ իշխանությանը։ Եթե անգամ մասնավոր զրույցներում գլխի շարժումով համաձայնության նշան են ցույց տալիս «Նիկոլ, դավաճան» վանկարկումներին։
Ունենք մի իրավճակ, երբ 44-օրյա պատերազմը՝ կորսված հայրենիքն ու հազարավոր զոհերը, կարմիր գիծ են քաշել այդ աղետների հետ թեկուզ անուղղակի առնչություն ունեցողների և բոլոր նրանց միջև, ովքեր պայքարում են առաջինների դեմ։ Գիծը կարմիր է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է ընդունված անվանել սահմանազատող գծերին, այլ որովհետև այն ներկված է հազարավոր հայորդիների արյամբ։
Ասվածից հետո լինել «ոչմիբանական»՝ դա պատճառաբանելով Նիկոլի դեմ պայքարողների անցյալով կամ որևէ այլ պատճառով, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ լատենտ սատարում Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ հայրենիքի հանձնման շարունակությանը, այսինքն՝ Արցախի մոռացումին, այսինքն՝ Հայաստանի տարածքների նորանոր զիջումներին։ Իրականում «ոչմիբանականությունը» շատ ավելի վտանգավոր ու ցածր վարքագիծ է, քան ուղղակի սատարելը Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։
Գոյություն ունի հետևյալ դիլեման. Փաշինյանին ամենատարբեր պատճառով սատարողները գոնե ունեն ազնվություն և դա անում են սեփական դեմքով ու անունով։ Իսկ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս կեղծ չեզոքության դիրքերից, նույնն անում են անանուն՝ առանց պատասխանատվության։
Արմեն Հովասափյան