Ուկրաինական «հավասարումն» ու տարածաշրջանային վերադասավորումները
АналитикаՕրերս Ադրբեջանում տեղի է ունեցել Հարավային գազային միջանցք ծրագրի Խորհրդակցական մարմնի շրջանակում անցկացված նախարարական նիստը: Դրան մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերի խորհրդականը, ԵՄ էներգետիկ հարցերի և հարևանության քաղաքականության հանձնակատարները, այլ պաշտոնյաներ: Նիստի ընթացքում խոսվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար Ադրբեջանի կարևորության մասին, Հարավային գազային միջանցք ծրագրի նշանակության, դրանով ավելի շատ գազ տեղափոխելու հնարավորության, ինչպես նաև էներգետիկ գործակցության այլ հեռանկարների մասին:
Ընդգծենք նաև, որ այդ շրջանակում հայտարարվել է, որ Եվրամիությունը Ադրբեջանին կհատկացնի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական ներդրումային փաթեթ: Իհարկե, սա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված աջակցությունը չէ, համենայն դեպս, կարծես թե, խոսքն այդ մասին չէ, սակայն, փաստացի, ստացվում է, որ այդ իմաստով ԵՄ-ն «հավասարեցնում» կամ «մերձեցնում» է Կովկասի երկրների համար ֆինանսական հատկացումների մտադրությունները կամ ծրագրերը:
Ինչպես հայտնի է, նախորդ տարի ամռանը Եվրոպայի Խորհրդի նախագահի կովկասյան ռեգիոնալ այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Վրաստանն ԱԳ ծրագրի շրջանակում կստանա մոտ 3 միլիարդ եվրոյի աջակցություն, Հայաստանը՝ մոտ 1,6 միլիարդ, իսկ Ադրբեջանը՝ 160 միլիոն եվրոյի: Ի դեպ՝ այդ ժամանակ Ալիևն անգամ դժգոհեց «անհավասար» վերաբերմունքի համար: Ավելի ուշ, ԵՄ-ն հայտնեց Հայաստանին ու Վրաստանին լրացուցիչ վարկային մեկական միլիարդ եվրոյի օժանդակության պատրաստակամության մասին: Այդպիսով, Երևանի համար փաթեթը կազմելու է մոտ 2,6 միլիարդ եվրո, իսկ Վրաստանի համար՝ մոտ 4 միլիարդ եվրո:
Ստացվում է, որ վերոնշվածից զատ Բաքվում էներգետիկ հարցերի նախարարական նիստի ընթացքում հայտնի է դառնում, որ Բաքուն կստանա 2 միլիարդ եվրոյի ներդրումային օժանդակության հնարավորություն: Կասկած չկա, որ այդ փողը կգնա հենց էներգետիկ ծրագրերի: Այստեղ, իհարկե, ուշադրության առանցքային հանգամանքը այն է, որ ակնառու է դառնում Ադրբեջանի կարևորության աճն ուկրաինական ճգնաժամի ֆոնին:
Ըստ էության, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է Եվրոպայի համար բազմաթիվ ռիսկերի, այդ թվում էներգետիկ անվտանգության: Ավելին, դրանք արդեն իսկ գազի գինը Եվրոպայում հասցրել են գրեթե «աստղաբաշխական» աստիճանի: Իրավիճակը կարող է սրվել, եթե սրվի դիմակայությունն Ուկրաինայի շուրջ: Եվրոպան ինտենսիվորեն պատրաստվում է էներգետիկ այլընտրանքի աղբյուրների որոնմանը: Այդ գործընթացը բերել է իրավիճակի, երբ Ադրբեջանը դառնում է ԵՄ համար այդ այլընտրանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչի մասին եվրապաշտոնյաներն ու անգամ ԱՄՆ պաշտոնյաները խոսում են բաց տեքստով:
Կարող ենք փաստել, որ նշված հանգամանքներն անշուշտ մարտահրավեր է Հայաստանի համար` հաշվի առնելով այն բարդ ռեգիոնալ իրադրությունն ու հայ-ադրբեջանական խնդիրների հանգույցը, որ առկա է Հայաստանի և Արցախի շուրջ: Ընդ որում, այստեղ կա ռիսկի նվազագույնը երկու շերտ: Նախ Ադրբեջանը կարող է փորձել կապիտալիզացնել իր կարևորությունը նաև այդ հարցերում և պարզ չէ, թե ինչ արձագանքի կարող է արժանանալ Արևմուտքում, իսկ մյուսը ՌԴ-ի հետ հարաբերության հանգամանքն է:
Ըստ էության, Ադրբեջանը, փաստորեն, հայտնվում է ՌԴ-ի հանդեպ մրցակցային իրավիճակում (չնայած համեմատություն անցկացնելն այդքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով գոյություն ունեցող պաշարների տարբերությունը): Ըստ այդմ, առկա իրավիճակը Հայաստանից պահանջում է զգոնություն ու առանց էմոցիաների իրավիճակի ճիշտ գնահատում:
Արեն Հակոբյան