Ինչպես մերժել Նիկոլին կամ «ոսկե հատման» թեորյան
АналитикаՕրերս տրված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել միայն փողոցի ուժով: Ըստ էության, ասվածի մեջ բավական շատ է ճշմարտության տարրը, քանի որ ինչպես ցույց տվեց կյանքը Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվում և մոտ ապագայում չի փոխվի: Իսկ փողոցի միջոցով հեռացնելու համար անհրաժեշտ է զանգվածների մոբիլիզացիա: Դրան էլ, բնականաբար, պետք է նախորդի Նիկոլին զանգվածային մերժելու փուլը:
Ինչպես հայտնի է Երևանում, ըստ սոցհարցումների, իշխանություններից դժգոհ է հասարակության 40 տոկոսը, ինչը, համաձայնեք, բավական պատկառելի ցուցանիշ է: Սակայն, ինչպես երևում է, այն դեռևս բավարար չէ: Եթե բավարար լիներ, ապա մայրաքաղաքի փողոցներում կլինեին Փաշինյանի դեմ բողոքող մարդկանց կուտակումներ: Հաշվի առնելով, որ Երևանի ընտրողների քանակը կազմում է շուրջ 860 հազար, ապա այդ թվի 40 տոկոսը մոտավորապես կազմում է 350 հազար: Եվ եթե այդ ծավալի գոնե 10 տոկոսը դուրս գար փողոց, ապա հանրապետության հրապարակը կունենար այն տեսքը, ինչ ուներ 2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերին: Սակայն ինչպես տեսնում ենք, այսօր փողոցներ փակողներ չկան, իսկ հրապարակը դատարկ է՝ եթե հաշվի չառնենք տարբեր ակցիաներ իրականացնող մանր խմբերին:
Ըստ էության, այս պարագայում գործ ունենք այլ գործոնների հետ, որոնցից հիմնականը առաջնորդի բացակայությունն է: Հայտնի է, որ առաջնորդի ձևավորման երկու հնարավորության կա. առաջինը, երբ ինչ-որ մեկն իր մեջ անշեջ հուր է զգում և կամ անհրաժեշտ աջակցություն է ստանում՝ համապատասխան ֆինանսավորմամբ և ձևավորում է շարժում՝ վերածվելով առաջնորդի և երկրորդ, երբ շարժման միջից ծնվում է առաջնորդը և մարդկանց տանում է իր հետևից (Նիկոլը կիրառեց առաջին դեպքը)։ Իսկ մնացած գործոնները՝ տաք եղանակի առկայությունը, փողոցում մարդկային կրիտիկական զանգվածի առկայությունը, ընդդիմությանը վստահել-չվստահելու խնդիրը և այլն, կա՛մ էական չեն, կա՛մ լինելով կարևոր՝ ածանցվում են առաջնորդի առկայությունից: Առաջնորդի ծնունդն էլ, բնականաբար, լինի առաջին և թե երկրորդ տարբերակով, կախված է այն բանից, թե որքանով են զանգվածներն ատում այն անձին կամ քաղաքական ուժին, որն իրավունք ունի որոշելու իրենց ճակատագիրը:
Այդ առումով գոյություն ունի «ոսկե հատում» (золотое сечение) կոչված կանոնը կամ երևույթը: Այն առկա է կյանքի բազմաթիվ ոլորտներում, դրա մաթեմատիկական նիշը հավասար է «1,618…»-ի, և ոչ մի կերպ չի հասնում 1,7-ի։ Ոսկե հատումի կլորացված տոկոսային հարաբերակցությունը կազմում է «62% - 38%»: Այսինքն՝ ամբողջի բաժանումը 62 և 38 տոկոսանոց հատվածների: Եթե որևէ անձ կամ երևույթ ունենում է 62%-ի վստահություն կամ հեղինակություն, ապա հասարակագիտության մեջ ընդունված է ասել, որ այն ավելի քան բավարար չափով ընդունելի է հասարակության համար: Իսկ եթե հարցին մոտենանք հակառակ կողմից, ապա 62 տոկոս անվստահության դեպքում քաղաքական գործիչն առնվազն պետք է հեռանա քաղաքականությունից:
Տիգրան Մկրտչյան