Երբ իշխանությունն անատամ է
АналитикаԻնչպես հայտնի է այս օրերին Երևանում ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որին մասնակցում էին խորհրդարանական պատգամավորներ կառույցին անդամակցող երկրներից։ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, նախօրեին տեղի ունեցած Եվրանեսթի բյուրոյի նիստում հակառուսական բնույթի փաստաթղթի հրապարակման հետ կապված նշել է, որ այդ փաստաթղթին ինքը ձեռնպահ է քվեարկել։ Եթե դա ավելի պարզ տեսքով ասենք, ապա ստացվում է, որ նա կողմ չի եղել, բայց դեմ էլ չի եղել: Այնուհետև պարզվել է, որ ընդամենը հայտարարություն է եղել, այլ ոչ թե բանաձև, սակայն դա էլ չի արդարացնում դեմ չքվեարկելու երևույթը: Ի դեպ, ռուսերենում հենց այս դեպքի համար բավականին գեղեցիկ ու տիպիկ արտահայտություն կա. «Ни рыба, ни мясо» (ո՛չ ձուկ և ո՛չ էլ միս): Ինչը նշանակում է, որ նրանից իմաստ չունի սպասել ակտիվ գործողություններ, նրանից չկա ո՛չ օգուտ, ո՛չ էլ վնաս:
Ըստ էության, սա այս իշխանության ներկայացուցիչների համար առաջընթաց է, քանի որ մի քանի տարի առաջ եվրոպական մեկ այլ կառույցում Հովհաննես Իգիթյանի ու Ռուբեն Ռուբինյանի հայտնի քվեարկությունը բոլորս ենք հիշում: Հետո, իհարկե, մեղա էին եկել, թե կոճակների տեղն էին շփոթել: Ավելի ուշ՝ ռուսական պատվիրակության հետ բարեկամական հանդիպման վերաբերյալ ինչ-որ նկար էր հրապարակվել սոցցանցերում, որպեսզի ապացուցվեր, թե ինչքան լավ, ջերմ են ռուսական պատվիրակության անդամների հետ:
Պետք է փաստենք, որ տեղի ունեցածն ավելի քան ձևական է, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը մեզ շնորհակալություն չի հայտնի, իսկ նիստի մասնակիցներն էլ երևի սկզբում զարմացել են, իսկ հետո էլ հասկացող տեսքով գլուխները տմբտմբացրել: Իսկ իրականությունն այն է, որ ռուսական անվտանգության համակարգում գտնվող երկրի (Արցախի խնդիրն էլ ներառյալ) մայրաքաղաքում անցկացվող պաշտոնական հանդիպմանը հակառուսական փաստաթուղթ է շրջանառվում, և հայաստանյան պատվիրակությունը որևէ ձևով դրան չի խոչընդոտում:
Շատերս ենք հավանաբար հիշում, երբ տարիներ առաջ Հայաստանի, այսպես ասած, առաջադեմ հանրության կողմից Դաշնակցությունը մեղադրվում էր «դեմ լինելով կողմ լինելու» մեջ: Այսօր, այդ հանրության ներկայացուցիչների իշխանության պայմաններում որևէ լուրջ հարցում Հայաստանը ո՛չ կողմ է, ո՛չ էլ դեմ, ինքն ընդամենը ներկա է՝ ներկա դիտորդի կարգավիճակով: Հենց դա է այսօրվա մեր իրականության բանալին՝ մենք ընդամենը դիտորդի կարգավիճակում ենք բոլոր այն հարցերում, որ վերաբերում են մեզ: Ու այդ կարգավիճակով իբրև թե ժողովրդավարություն ենք կայացնում և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացում:
Տիգրան Մկրտչյան