Բազմավեկտորությո՞ւն, թե՞․․․
АналитикаԱյս օրերին միջազգային հանրության ուշադրությունը ուկրաինական պատերազմին է կենտրոնացած, ավելին, աշխարհը նախապատրաստվում է նոր աշխարհակարգի, դրան զուգահեռ հետսովետական տարածքում և հատկապես Հվ. Կովկասում աշխարհաքաղաքականության նոր տարրերն արդեն ի հայտ են գալիս, որոնցում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վերադիրքավորման փորձերն էական ուշադրության են արժանանում:
Սա ուշագրավ է նրանով, քանի որ ՀՀ-ն տարածաշրջանի միակ, այսպես կոչված, ռուսական կողմնորոշում ունեցող երկիրն է, որտեղ նաև ռուսական ռազմաբազա է գործում։ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն էականորեն կարևորվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կոնտեքստում, քանի որ Վրաստանն ունի եվրո-ատլանտյան վեկտոր, Ադրբեջանը՝ թուրքական, և դիտարկվում է, որ տարածաշրջանում ՌԴ-ն իր ազդեցության մեծ մասը պահպանում է ՀՀ-ում ու Արցախում խաղաղապահ կոնտինգենտի շնորհիվ:
Ակնհայտորեն տարածաշրջանային ու ռուսաստանյան լրատվամիջոցների, վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպում վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունների փորձերը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, որի նպատակով պաշտոնական Երևանը, որը վերջին տարիների ընթացքում գերպասիվ արտաքին քաղաքականություն է վարում, կամ, ավելի ճիշտ կլինի բնորոշել՝ չի վարում, սկսել է որոշ քայլեր ձեռնարկել արևմտյան ուղղությամբ:
Փաստ է այն, որ Ուկրաինայում սկսված պատերազմի ընթացքում պաշտոնական Երևանը տարբեր մակարդակներով շփումներ է ունեցել Փարիզի, Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Բեռլինի, Անկարայի, ինչպես նաև Մոսկվայի հետ, այս ընթացքում Երևանը նաև դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու նպատակով:
Հավելենք նաև, որ որ այս ընթացքում եղել են նաև հայ-ռուսական բարձրաստիճան ու նախարարական շփումներ ռուսական նախաձեռնությամբ, դրանք միանշանակորեն զիջում են Երևան-Արևմուտք շփումների ինտենսիվությանը:
Ըստ էության, իրավիճակն Ուկրաինայի շուրջ՝ ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, չափազանց անհանգստացնող է ու անորոշ, և թե ինչի կհանգեցնեն բանակցություններն Ուկրաինայում, և գործընթացները՝ Անդրկովկասում, դժվար է ասել ռազմական նման լարվածության պայմաններում։ Միանշանակ պետք չէ բացառել, որ Կովկասում լինեն ռազմական կոնֆլիկտներ, քանի որ երևում է, որ Ադրբեջանը փորձում է ուկրաինական հակամարտության աղմուկն օգտագործել սեփական նպատակների համար, մաքսիմալ զիջումներ ստանալ հայկական կողմից։ Ըստ այդմ՝ ՀՀ իշխանությունները փորձում են Արևմուտքի միջոցով կարգավորել այս իրավիճակը, քանի որ ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունն այս տարիների ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզի թուլացնի ՀՀ անվտանգությունը:
Հետևելով դեպքերի ընդհանուր զարգացմանը` կարող ենք նշել, որ Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում իր վարած բազմավեկտոր քաղաքականությանը, սակայն ներկայումս այդ քաղաքականությունն այլ նրբություններ ունի: ՀՀ-ի համար բազմավեկտորությունը ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նշանակում է՝ Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների կառուցում, այլ ոչ թե՝ Արևմուտքի հետ: Ըստ էության, արևմտյան վեկտորը Հայաստանի համար հենց թուրքական վեկտորն է, իսկ մնացածը երկրորդական և անկարևոր հարցեր են:
Տիգրան Մկրտչյան